ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բաքվի ջարդերի՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտման և մարդկության դեմ ուղղված հանցագործության իրավական գնահատականի անհրաժեշտության մասին

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը խստորեն դատապարտում է 1988–1990 թթ․-ին Ադրբեջանի ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները, որոնք պատմության մեջ հայտնի են որպես Բաքվի ջարդեր։ 1990 թվականի հունվարին հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները ուղեկցվել են սպանություններով, խոշտանգումներով, ֆիզիկական և հոգեբանական նվաստացմամբ, բնակարանների և գույքի ոչնչացմամբ ու յուրացմամբ, ինչպես նաև զանգվածային հարկադրական տեղահանությամբ։
Այս իրադարձությունները չեն կարող որակվել որպես ինքնաբուխ անկարգություններ կամ միջէթնիկական բախումներ։ Առկա բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներ ցույց են տալիս, որ բռնությունները կրել են թիրախավորված և համակարգված բնույթ, ուղղված բացառապես ազգային պատկանելության հիմքով քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ։
Միջազգային սովորութային իրավունքի և գործող միջազգային պայմանագրերի համաձայն՝ ազգային կամ էթնիկ խմբի դեմ լայնածավալ կամ համակարգված հարձակումները հանդիսանում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Մասնավորապես՝
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածները երաշխավորում են կյանքի, անվտանգության և խտրականությունից զերծ լինելու իրավունքը,
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (1966 թ.) 2-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածները պարտավորեցնում են պետություններին պաշտպանել կյանքը, արգելել խոշտանգումները և ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն,
  • Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (1965 թ.) պարտադրում է պետություններին կանխել և պատժել ռասայական կամ էթնիկ հիմքով բռնությունները,
  • Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան (1984 թ.) ամրագրում է նման արարքների բացարձակ արգելքը,
  • Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարքին է դասում սպանությունը, հարկադրական տեղահանությունը, խոշտանգումը և հալածանքը՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով։
Վերը նշված նորմերի լույսի ներքո Բաքվի ջարդերը համապատասխանում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների էական հատկանիշներին՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք տեղի են ունեցել Հռոմի կանոնադրության ընդունումից առաջ, քանի որ տվյալ հանցագործությունների արգելքը հանդիսանում է միջազգային իրավունքի պարտադիր նորմ։
Միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունը պարտավոր է ոչ միայն ձեռնպահ մնալ մարդու իրավունքների խախտումներից, այլև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու, դադարեցնելու և պատժելու նման խախտումները։ Բաքվի ջարդերի ընթացքում Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները չեն ապահովել հայ բնակչության արդյունավետ պաշտպանությունը, չեն կանխել բռնությունների տարածումը և հետագայում չեն իրականացրել արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկում։
Այս հանգամանքները հիմք են հանդիսանում պետության միջազգային պատասխանատվության առաջացման համար՝ ըստ ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի «Պետությունների միջազգային իրավախախտումների համար պատասխանատվության մասին» հոդվածների։
Բաքվի ջարդերի պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը նպաստել է հայերի նկատմամբ խտրականության և բռնությունների շարունակականությանը, որը դրսևորվել է հետագա տարիներին՝ այլ քաղաքներում իրականացված հարձակումներով, ինչպես նաև Արցախի հայ բնակչության նկատմամբ երկարամյա համակարգային ճնշումներով։ Այս քաղաքականության գագաթնակետը դարձավ 2023 թվականին Արցախի ամբողջ հայ բնակչության հարկադրական տեղահանությունը, որը ևս միջազգային իրավունքի տեսանկյունից առաջացնում է ծանր հարցեր մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համատեքստում։
Միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համաձայն՝ Բաքվի ջարդերի զոհերը և նրանց ընտանիքները ունեն՝
  • ճշմարտության իրավունք,
  • արդարադատության և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք,
  • փոխհատուցման, վերականգնման և ռեաբիլիտացիայի իրավունք,
  • չկրկնման երաշխիքների ապահովման իրավունք
Այս իրավունքները չեն ենթարկվում վաղեմության և չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը կոչ է անում՝
  1. ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների համապատասխան մարմիններին՝ ապահովել Բաքվի ջարդերի միջազգային իրավական գնահատումը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
  2. Հայաստանի Հանրապետությանը՝ շարունակաբար բարձրացնել Բաքվի ջարդերի հարցը միջազգային հարթակներում՝ որպես հայ բնակչության նկատմամբ շարունակական խախտումների և բռնի տեղահանության պատճառահետևանքային բաղադրիչ։
  3. Քաղաքացիական հասարակությանը և ակադեմիական շրջանակներին՝ նպաստել փաստերի վավերագրմանը, իրավական վերլուծությանը և պատմական հիշողության պահպանմանը։
Բաքվի ջարդերը չեն կարող դիտարկվել որպես փակված պատմական էջ։ Դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, որի իրավական չլուծվածությունը շարունակում է ազդել հազարավոր բռնի տեղահանված մարդկանց իրավունքների, անվտանգության և արժանապատվության վրա։ Իրական և կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նման հանցագործությունները ստանան լիարժեք իրավական գնահատական, իսկ զոհերի իրավունքները ճանաչվեն և վերականգնվեն։
 
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի քարտուղարություն