Դեկտեմբերի 18-ին Գյումրիում ներկայացվել են «Լուսափայլ» ՀԿ-ի կողմից «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացված «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, վեր հանված խնդիրներն ու դրանց լուծման նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված առաջարկությունների փաթեթը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզային կենտրոնների տնօրենները, բաժնի պետերը, ավագ մասնագետը, Մարդու իրավունքի պաշտպանի Շիրակի ստորաբաժանման ղեկավարը, Շիրակի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործատուներ և շահագրգիռ այլ անձինք։
Ողջույնի խոսքով հանդես են եկել «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Արևիկ Մկրտչյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Իր ելույթում նա ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, շեշտադրելով ՔՀԿ-ների բյուջետային գրագիտության և հմտությունների զարգացման ուղղությունը։ Նա նաև խոսեց «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների մասին՝ շեշտելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված պետական բյուջետային քաղաքականությունների հասանելիության, թափանցիկության և արդյունավետության բարձրացման կարևորությունը։
Ենթադրամաշնորհային ծրագրի փորձագետ Տաթևիկ Թոխյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) աշխատանքի ոլորտում առկա խնդիրներն ու այդ խնդիրների լուծման տարբերակները։
Առաջարկություններն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության վերացմանը, ինքնազբաղվածության բարձրացմանը, ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ու աշխատավայրում և աշխատաշուկայում հավասար պայմանների ստեղծմանը։
Հանդիպման ընթացքում ծրագրի շահառուներն ակտիվորեն ներկայացրել են իրենց առնչվող խնդիրներ և հատկապես կարևորել ՀԿ-ի ներկայացրած հետևյալ առաջարկությունները՝ ինքնազբաղ հաշմանդամություն ունեցող անձանց հարկային արտոնությունների սահմանումը, անձնական օգնականի ծառայության, պետական զբաղվածության ծրագրերի ընդլայնումը, մասնագիտական վերապատրաստման դասընթացները, խտրականության բոլոր դրսևորումների վերացումը, ինչպես նաեւ ներառական գործատուների մասնակցությունն աշխատավայրերում։
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատանքի ոլորտում առկա խնդիրներին անդրադարձել է նաև Մարդու իրավունքի պաշտպանի Շիրակի ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը։
ՀՈՒԱ պետական զբաղվածության ծրագրերի, անձնական օգնականի ծառայության իրակացմանն առնչվող հարցերին պատասխանել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ավագ մասնագետ Արմինե Եղիազարյանը։
«Լուսափայլ» հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված առաջարկությունները գրավոր ներկայացրել է շահագրգիռ կողմերին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ մշակված առաջարկությունները կքննարկվեն նախարարության կողմից առաջիկայում նախատեսվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման պետական քաղաքականության բարեփոխումների շրջանակներում։
Հանդիպման մասին տեսանյութը՝ ստորև
https://www.youtube.com/watch?v=W6yWPLihqAw&t=77s
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսափայլ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսափայլ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: