2026 թվականի հունվարի 12-ին Վանաձորում կայացավ «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված պանելային քննարկումը՝ «Ներառական կրթության արձագանքման և հետադարձ կապի միասնական համակարգ» թեմայով։
Միջոցառումը կազմակերպվել էր «Լուսաստղ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2․ բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տրամադրած ենթադրամաշնորհի միջոցով։
Պանելային քննարկմանը մասնակցել են պետական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների փորձագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, ՏՄԱԿ մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ծնողներ։ Քննարկումը ընթացել է ակտիվ մասնակցության պայմաններում, հնչել են տարբեր, երբեմն նաև հակասական կարծիքներ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տվել խնդրի բազմաշերտ բնույթը և ոլորտում առկա մոտեցումների բազմազանությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Բյուջեներ՝ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Ելույթի ընթացքում նա ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները՝ ընդգծելով դրանց դերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ մասնագետների բյուջետային գրագիտության բարձրացման, ինչպես նաև համապատասխան վերլուծական, մասնակցային և վերահսկողական հմտությունների զարգացման գործընթացում։
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձել են այն հարցին, թե որտեղից է սկսվում ներառական կրթության համակարգի «լռությունը» և ով պետք է լինի արձագանքման առաջնային պատասխանատուն։ Որոշ մասնակիցներ շեշտել են դպրոցների և ՏՄԱԿ-ների դերակատարումը, մյուսները՝ պետական կառույցների պատասխանատվությունը կամ անկախ վերահսկող մեխանիզմի անհրաժեշտությունը։ Չնայած տարբեր դիրքորոշումներին՝ մասնակիցների մեծ մասը համաձայնել է, որ գործող մեխանիզմները չեն ապահովում բավարար և համակարգված արձագանք և կարիք ունեն բարելավման։
Քննարկման հուզական շեշտադրումներից մեկը եղել է ծնողների խոսքը։ Ծնողները նշել են, որ ներառական կրթության գործընթացում հաճախ բախվում են տեղեկատվության պակասի, արձագանքի ուշացման և պատասխանատվության անորոշության խնդիրներին։ Նրանց խոսքով՝ միասնական և հասանելի հետադարձ կապի գործիքի բացակայությունը ոչ միայն բարդացնում է խնդիրների լուծումը, այլ նաև խորացնում է անվստահությունը համակարգի նկատմամբ։
«Մեզ համար ամենացավալին ոչ թե խնդիրն է, այլ լռությունը։ Երբ չգիտես՝ ո՞ւմ դիմել, ո՞վ է պատասխանատուն և երբ կստանաս արձագանք, համակարգի նկատմամբ վստահությունը պարզապես քանդվում է», – նշել է պանելային քննարկման ընթացքում մասնակցող ծնողներից մեկը։
Հետադարձ կապի գործիքի անհրաժեշտության հարցում քննարկումը բացահայտել է համակարգային հակասություն պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև։ Եթե պետական հատվածի ներկայացուցիչները գործող մեխանիզմները դիտարկում են որպես բավարար, ապա հասարակական կազմակերպություններն ու ծնողները դրանք համարում են անբավարար՝ հատկապես ժամանակին, հասկանալի և արդյունավետ արձագանք ապահովելու տեսանկյունից։ Ծնողների և ՀԿ ներկայացուցիչների կողմից ընդգծվել է, որ միասնական հետադարձ կապի գործիքի մշակումը պետք է դառնա առաջնահերթություն՝ խնդիրների վաղ արձագանքման, կանխարգելման և վստահության ձևավորման համար։
Պանելային քննարկման ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ու դիտարկումները կամփոփվեն և կներառվեն մշակվող քաղաքական ուղերձի վերջնական տարբերակում, որը կներկայացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և այլ շահակից կառույցներին։
«Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը նախատեսում է շարունակել համագործակցությունը ոլորտի տարբեր դերակատարների հետ՝ նպաստելու ներառական կրթության ոլորտում արդյունավետ, թափանցիկ և վստահություն ձևավորող արձագանքման և հետադարձ կապի միասնական մեխանիզմի ձևավորմանը։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ–ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ–ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: