Բրյուսելում կայացել է ԱլԳ ՔՀՖ երկրորդ Գագաթնաժողովը

2025 թվականի դեկտեմբերի 2-4-ը Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) երկրորդ գագաթնաժողովը։
Երեք օրերի ընթացքում ավելի քան 200 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Եվրոպական Միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության պաշտոնյաների հետ քննարկել են տարածաշրջանում ժողովրդավարության և անվտանգության մարտահրավերներն ու հնարավորությունները:
Գագաթնաժողովի բացմանը հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Մոլդովայի Հանրապետության կրթության և հետազոտության նախարար Դան Պերչուն, Չեխիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման փոխնախարար, Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի անդամ Ռադիմ Սրշեն:
Բացման խոսքերին հաջորդել են պլենար նիստեր և թեմատիկ սեսիաներ նվիրված ԱլԳ-ի վերազորացմանը, անվտանգության և կապակցվածության ամրապնդմանը, ապատեղեկատվությանը և քարոզչությանը, ԱլԳ-ում ընդլայնման օրակարգի աջակցմանը և այլն:
Գագաթնաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, պատվիրակ Սյուզաննա Սողոմոնյանը որպես զեկուցող հանդես է եկել «Մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանի՝ դեպի ԵՄ անդամակցություն տանող ճանապարհին. Արդյո՞ք ՀԳԸՄ-իրականացումը նախապայման է ԵՄ անդամակցության համար Հայաստանի հայտը ներկայացնելու համար» թեմային նվիրված պանելում: Նա ընդգծել է երեք հիմնական ուղղություններով Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-ի հետ ՀԳԸՄ իրականացման գործում: Նախ, ՔՀԿ-ները պետք է հանդես գան որպես մոնիթորինգի և փորձագիտական կենտրոն, որը ոչ միայն վերահսկում է բարեփոխումների ընթացքը, այլև առաջարկում է կառուցողական, պրոֆեսիոնալ լուծումներ։ Երկրորդ, կարևոր է հանրային իրազեկումը և ապատեղեկատվության դեմ պայքարը՝ ՀԳԸՄ-ի բուն նպատակը պարզ ու հասկանալի դարձնելով քաղաքացիներին։ Վերջապես, անհրաժեշտ է ապահովել ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ապակենտրոնացումը՝ օգտագործելով ՀԳԸՄ Քաղաքացիական հասարակության պլատֆորմը և գործընթացը Երևանից մարզեր հասցնելով, որպեսզի բոլոր քաղաքացիները զգան համաձայնագրի դրական ազդեցությունը։