Իրավական հաղթանակ․ Բռնի տեղահանված անձի խնամքի նպաստը վերականգնվեց, բռնագանձված գումարը հետ վերադարձվեց

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարիամ Բադասյանը փորձում էր նոր կյանք սկսել Հայաստանում։ Սակայն մի օր նա անսպասելիորեն հայտնվեց խնդրի առաջ․ իր փոքրիկ դստեր՝ Նանեի, խնամքի նպաստը դադարեցվել էր, իսկ բանկային հաշվից բռնագանձվել էր գումար «ավել վճարված նպաստ» ձևակերպմամբ։ Գործողությունը կատարվել էր առանց որևէ նախնական ծանուցման կամ պարզաբանումի, ինչն էլ Մարիամին թողել էր անորոշ ու շփոթված վիճակում։ Այնուհետև ՄՍԾ–ից տեղեկացել է, որ պատճառը ՀՀ-ում հաշվառում չունենալն է, ինչը Մարիամի համար առավել անհասկանալի էր։

Իմանալով «armrights.am» հարթակի մասին, որը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից և նախատեսված է բռնի տեղահանված անձանց իրավաբանական աջակցություն տրամադրելու համար, Մարիամը դիմեց հարթակ և ստացավ անվճար իրավական աջակցություն։

ԻՀԱ իրավաբանները սկսեցին ուսումնասիրել գործը։ Շուտով պարզ դարձավ՝ Մարիամի նկատմամբ կայացված որոշումները ոչ միայն սխալ էին, այլև՝ օրենքի խախտմամբ․

  • նա տվյալ ժամանակահատվածում ունեցել է ՀՀ գործող հաշվառում,
  • նրան երբևէ չեն տեղեկացրել հաշվառումից հանելու մասին,
  • խախտվել է նրա լսվելու իրավունքը և վարչարարության հիմնական սկզբունքները։

Իրավաբանների կողմից կազմված հիմնավորված դիմումներն ուղարկվեցին ՆԳՆ-ին, որը ընդունեց, որ Մարիամին նախատեսված ծանուցումը չի առաքվել իրենց կողմից թույլ տրված թերացման հետևանքով։ Հենց այդ բացթողումն էլ դարձել էր նպաստի դադարեցման հիմնական պատճառը։

Նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ ԻՀԱ իրավաբանները դիմել են ԱՍՀՆ՝ պահանջելով գործի լիարժեք վերանայում և իրավական գնահատական՝ վարչարարական գործընթացում թույլ տրված խախտումների վերաբերյալ։

Արդյունքը՝ արդարության վերականգնում

Իրավաբանների կողմից ներկայացված հիմնավորված փաստարկները և իրավական դիրքորոշումը հիմք դարձան, որպեսզի գործը վերաբացվի և նորից ուսումնասիրվի համապատասխան պետական մարմինների կողմից, և ընդունված վերջնական որոշումը ամբողջությամբ վերականգնեց անձի իրավունքները․

  • Նանեի խնամքի նպաստի տրամադրումը վերականգնվեց,
  • գումարի բռնագանձումը ճանաչվեց ոչ իրավաչափ,
  • պետական բյուջե վերադարձված 40,203 դրամը վերադարձվեց,
  • նպաստի դադարեցումը համարվեց ոչ օրինական։

Մարիամը նշում է․ «Ոչ թե գումարն էր կարևոր, այլ այն, որ կար կազմակերպություն, որը պատրաստ էր լսել և աջակցել, երբ չէի հասկանում՝ ինչ անել»։

Այս դեպքը վկայում է, որ ճիշտ իրավական աջակցությունն ու մասնագիտական մոտեցումը կարող են լուծել անգամ այն խնդիրները, որոնք առաջին հայացքից գրեթե անհաղթահարելի են թվում։

«Armrights.am»-ը շարունակում է լինել վստահելի հարթակ Արցախի բռնի տեղահանված անձանց համար՝ օգնելով նրանց պաշտպանել իրենց սոցիալական ու իրավական իրավունքները և նոր կյանքը կառուցել արժանապատվորեն։