Միջոլորտային համագործակցության ճանապարհային քարտեզ ապատեղեկատվածության դեմ պայքարում

Ապատեղեկատվությունը Հայաստանում դարձել է ոչ միայն տեղեկատվական, այլև ազգային անվտանգության լուրջ մարտահրավեր։ Այն ազդում է հանրային վստահության մակարդակի, ժողովրդավարական կառավարման պրոցեսների և պետական քաղաքականության արդյունավետության վրա։

Ապատեղեկատվության դեմ պայքարը պահանջում է համատեղ և համակարգված մոտեցում, որը միավորում է․

  • պետական մարմինների,
  • քաղաքացիական հասարակության կազմակերպությունների,
  • մեդիայի և մասնավոր ու ակադեմիական հատվածների ջանքերը

նպատակ ունենալով ստեղծել կանխարգելման, արձագանքման և հանրային դիմադրողականության ամբողջական համակարգ։

«Ապատեղեկատվության դեմ պայքարի միջոլորտային համագործակցության ճանապարհային քարտեզի նպատակն է բարձրացնել պետական մարմինների, ՔՀԿ-ների, մեդիայի և մասնավոր հատվածի համագործակցության արդյունավետությունը, ինչպես նաև աջակցել ՀՀ կառավարության «Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ. հայեցակարգի» իրականացմանը։

Ծրագրում կիրառվել են համապարփակ քննարկումներ պետական, ՔՀԿ, մեդիա և ակադեմիական ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն՝ Լիտվա և ԵՄ երկրների ռազմավարական հաղորդակցության ու տեղեկատվական անվտանգության ոլորտից, և Հայաստանի ազգային համատեքստի վերլուծություն՝ ապատեղեկատվության տարածման ուղիները, պետական ու հասարակական գործիքները և Սփյուռքի հետ համագործակցությունը հաշվի առնելով։

Ճանապարհային քարտեզի նպատակն է ստեղծել մի ամբողջական համակարգ՝ կենտրոնացված կառույցով, որը կարող է արագ արձագանքել ապատեղեկատվությանը, ներդնել կայուն համագործակցության մեխանիզմներ պետական մարմինների, ՔՀԿ-ների և մեդիայի միջև, ամրապնդել հասարակության ու պետական մարմինների դիմադրողականությունը, կատարելագործել արագ արձագանքման մեխանիզմները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և խթանել մեդիագրագիտությունը, ինչպես նաև ներդնել կանխարգելիչ պրոակտիվ մեխանիզմներ։

Այս ճանապարհային քարտեզը ընդգծում է երեք փոխկապակցված ուղղություններ՝ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում, համագործակցություն և մեդիագրագիտություն ու կրթություն, որոնք միասին ապահովում են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ ու կայուն համակարգ՝ հիմնված «ամբողջ հասարակության» մոտեցման վրա։

Սույն ճանապարհային քարտեզը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները: