Տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» 9-րդ Գլոբալ գագաթնաժողովը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը 2025 թվականի հոկտեմբերի 7-9-ը Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) 9-րդ Գլոբալ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը համախմբել էր կառավարությունների, տեղական իշխանությունների, օրենսդիր մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչների:

«Ազդարարների պաշտպանություն և վերահսկողության ամրապնդում՝ վստահության և ազդեցության կառուցում» թեմայով պանելային քննարկմանը Սյուզաննա Սողոմոնյանը խոսել է Հայաստանում ազդարարման համակարգի զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների, դեռևս լուծում պահանջող համակարգային խնդիրների, ինչպես նաև ասոցիացիայի կողմից ստեղծված և գործարկվող haytnir.am ազդարարման այլընտրանքային հարթակի մասին:

Հիշեցնենք, որ Բաց Կառավարման Գործընկերություն նախաձեռնությանն անդամակցում է ավելի քան 75 երկիր, 104 տեղական իշխանություն: ՀՀ կառավարությունը անդամակցում է 2011 թվականից: Տեղական Բաց կառավարում նախաձեռնությանը միացել են Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Երևանի համայնքները: