Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի մասնակիցները խորացված մասնագիտական պատրաստում անցան միջազգային փորձագետի հետ

Սեպտեմբերի 22-23-ը Երևանում կայացավ «Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի» երկօրյա խորացված մասնագիտական դասընթացը՝ «Ռազմավարական հաղորդակցություն ավտորիտար հարևանությունում. Լիտվայի համապարփակ մոտեցումը» թեմայով: Դասընթացը վարեց Լիտվայից հրավիրված միջազգային փորձագետ, դոկտոր Ներիյուս Մալյուկևիչուսը:

Դասընթացն անցկացվեց հիբրիդ ձևաչափով՝ միաժամանակ ապահովելով և՛ առկա, և՛ առցանց մասնակցության հնարավորություն: Այս ձևաչափը հնարավորություն տվեց միանալ մարզային մասնակիցներին՝ ներառյալ Սյունիքի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզերից ներկայացուցիչներին:

Ակադեմիայի 50 մասնակիցներից 20-ը, հաջողությամբ ավարտելով էլեկտրոնային ուսուցման առաջին փուլը, մասնակցեցին այս ինտենսիվ պատրաստմանը:

Առաջին օրը մասնակիցները ուսումնասիրեցին ռազմավարական հաղորդակցության հիմունքները, ծանոթացան ԵՄ և Լիտվայի մոտեցումներին, քննարկեցին հակա-նարատիվների կառուցման մեխանիզմները: Գործնական «Narrative Re-frame» վարժության ընթացքում թիմերը մշակեցին հակա-նարատիվներ՝ հիմնված արժեքների, էմպատիայի և ապացույցների վրա: Օրվա երկրորդ մասը նվիրված էր ապատեղեկատվական էկոհամակարգի խորը ուսումնասիրությանը, ներառյալ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) մեխանիզմները:

Երկրորդ օրը կենտրոնացած էր բազմասեկտորային համագործակցության և ճգնաժամային դիմադրողականության վրա: Մասնակիցները ծանոթացան Լիտվայի մոդելին, ներառյալ NCMC կենտրոնի, «էլֆերի» շարժման, «Boost Your Immunity» արշավի և LT72 պորտալի փորձին: «Spot the Fake» գործնական վարժության և «Bad News Game» սիմուլյացիայի միջոցով մասնակիցները կատարելագործեցին կեղծ լուրերի հայտնաբերման հմտությունները:

Հիբրիդ ձևաչափը ապահովեց ինտերակտիվ մասնակցություն՝ առցանց մասնակիցները կարողացան լիարժեք ներգրավվել քննարկումներին և գործնական առաջադրանքներին: Դասընթացն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի համատեքստին համապատասխան սցենարներին, ներառյալ ընտրական գործընթացների և ռազմաքաղաքական ճգնաժամերի ժամանակ ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությունները:

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները: