Իրավական գործընթացի արդյունքում կազմակերպության իրավունքները վերականգնվել են՝ վարչական ակտը ճանաչվել է անվավեր

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց անդամ կանգնած էր իրավական լուրջ խնդրի առջև։

Կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը պարզել էր, որ իր բանկային հաշիվը արգելափակվել է՝ առանց որևէ նախնական ծանուցման կամ պարզաբանման։ Հետագա պարզաբանումների արդյունքում պարզվել էր, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նրա նկատմամբ կիրառել էր 250,000 ՀՀ դրամ վարչական տուգանք՝ հիմնավորելով դա կազմակերպության կողմից 2023 թվականի հաշվետվությունը չներկայացնելու հանգամանքով։

Մինչդեռ փաստացի կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր 2023 թվականի մարտ ամսից և տվյալ ժամանակահատվածում որևէ գործառույթ, այդ թվում՝ ֆինանսական շարժ չէր իրականացրել։

Իրավական այս խնդրի հետ կապված կազմակերպությունը դիմել էր Իրավաբանների հայկական ասոցիացիա (ԻՀԱ)՝ մասնագիտական աջակցության խնդրանքով։ ԻՀԱ-ի իրավաբանները մանրակրկիտ ուսումնասիրել էին բոլոր իրավական փաստերն ու հանգամանքները և արձանագրել, որ տվյալ ժամանակահատվածում հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն կազմակերպությունը չի ունեցել։

Ուստի, վարչական տույժ կիրառելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը բացակայում էին։

 Իրավաբանների կողմից մշակվել էր փաստարկված գրություն, որով առաջ էր քաշվում ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտի վերանայման անհրաժեշտությունը։

 Արդյունքում՝ ՊԵԿ-ը ընդունել էր ներկայացված փաստարկները և կայացրել իրավաչափ որոշում՝ վերացնելով վարչական տուգանքը և ճանաչելով ակտը անվավեր։

Այս դեպքը վկայում է, որ իրավական սխալներից, թյուրիմացություններից և անարդար վարչական գործողություններից հնարավոր է պաշտպանվել, երբ առկա է որակյալ իրավաբանական աջակցություն և պրոֆեսիոնալ մոտեցում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներգրավմամբ հնարավոր դարձավ վերականգնել մի կազմակերպության իրավունքները, որը թեկուզ ժամանակավորապես դադարեցրել էր իր գործունեությունը, այժմ ունի հնարավորություն վերադառնալու իր առաքելությանը՝ արդեն իրավապես պաշտպանված և կայուն հիմքի վրա։\

 Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախի բռնի տեղահանված անձանց և նրանց կողմից ստեղծված կամ ղեկավարած կազմակերպություններին՝ աջակցելով նրանց իրավունքների պաշտպանությանը։