Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն. 108 անձի իրավաբանական օգնություն՝ ՀԱԳՄ-ի աջակցությամբ

2025 թվականի փետրվարից մինչև օգոստոս ամիսը Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակում տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն 108 բռնի տեղահանված անձի։
Տրամադրված խորհրդատվությունները բազմաոլորտ էին՝ ներառելով խնդիրներ, որոնք վերաբերում էին․
  • սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու իրավական հնարավորություններին,
  • փաստաթղթերի վերականգնման ընթացակարգերին,
  • բնակապահովման և աջակցության պետական ծրագրերին,
  • իրավաբանական փաստի հաստատմանը,
  • քաղաքացիություն ընդունելու գործընթացին,
  • վարկային պարտավորություններին,
  • ժառանգության հարցերին,
  •  կենսաթոշակների նշանակմանն ու աշխատանքային ստաժի հաշվարկին,
  • և մի շարք այլ հարցերի։
Վերջին ամիսներին նկատվում է նաև իրավաբանական հարցերի աճ՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման կարգավորումների և հայտերի լրացման հետ։
Արդեն ավելի քան մեկուկես տարի է, ինչ ԻՀԱ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում արցախահայերին։ Իրականացված աշխատանքների արդյունքները փաստում են, որ բռնի տեղահանված անձինք շարունակ բախվում են թե՛ անհատական, թե՛ համակարգային իրավական խնդիրների։
Իրավաբանական աջակցությունը տրամադրվում է տարբեր ձևաչափերով՝
  • համայնքային այցերի միջոցով՝ քաղաքացիներին հնարավորինս մոտ գտնվելու նպատակով,
  •  գրասենյակային ընդունելության ճանապարհով՝ շահառուները կարող են այցելել ԻՀԱ գրասենյակ և ներկայացնել իրենց խնդիրները,
  • ցանկացած վայրից՝ առցանց՝ armrights.am հարթակի միջոցով ներկայացնելով իրենց հարցը։
Այս մոդելը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ոչ միայն լուծել իրենց առանձին իրավական խնդիրները, այլև դառնալ ավելի իրազեկ իրենց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ, ինչն իր հերթին նպաստում է իրենց կարողությունների և վստահության բարձրացմանը՝ իրավունքի պաշտպանության գործընթացում։

ԻՀԱ-ի իրավաբաններն իրականացնում են անհատական իրավաբանական խորհրդատվություն՝ յուրաքանչյուր շահառուի խնդրին հասցեական արձագանքելու նպատակով։ Ըստ անհրաժեշտության իրավաբանները կազմում են պաշտոնական գրություններ՝ ուղղված իրավասու պետական մարմիններին՝ նպաստելով քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։ Խորհրդատվության ընթացքում շահառուներին ներկայացվում են նաև իրենց խնդրի կարգավորման համար անհրաժեշտ գործողությունների հաջորդական քայլերը։

Կարճ ժամանակահատվածում կազմվել է 25 գրություն՝ առանձին շահառուների կոնկրետ խնդիրների վերաբերյալ, որոնց զգալի մասը ստացել է դրական արձագանք։ Դրական լուծում ստացած դեպքներն առավելապես առնչվել են հետևյալ հարցերին․
  • փաստաթղթերի վերականգնում,
  •  կենսաթոշակների նշանակում, չնայած այն հանգամանքին, որ աշխատանքային ստաժի ամբողջական հաշվարկման հարցում խնդիրները դեռևս մնում են չլուծված,
  • պետական աջակցության գումարների ստացում,
  • բռնի տեղահանված անձանց իրավունքների վերականգնմանն ուղղված այլ խնդիրներ։
«Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում հրապարակվել է 24 տեսանյութ, որում բռնի տեղահանված անձինք կիսվում են իրենց պատմություններով՝ ներկայացնելով այն իրավական խնդիրները, որոնց բախվել են Հայաստանում։ Տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով՝  https://armrights.am/am/news ։

Միևնույն ժամանակ, վեր են հանվել խնդիրներ, որոնք ունեն համակարգային բնույթ։ Դրանց վերաբերյալ ԻՀԱ-ն ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ այդ հարցերը իրավական հիմնավորմամբ ներկայացնելու համար իրավասու մարմիններին՝ նպատակ ունենալով նպաստել ոչ միայն առանձին դեպքերի, այլև համակարգային խնդիրների լուծմանը։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նաև շնորհիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանի, ում կողմից ղեկավարած Կազմակերպությունը ցուցաբերել է 2 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի իրականացման համար։
 

Ֆինանսական աջակցությունները հատկապես կարևոր նշանակություն ունեն նման ծրագրերի կայուն և շարունակական իրականացման համար, քանի որ այն ապահովում է իրավական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը սոցիալապես խոցելի խմբերի համար։

Այցելեք www.armrights.am՝ ավելին իմանալու և իրավաբանական աջակցություն ստանալու համար։