Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի 2024թ․ զեկույցի ներկայացումը

2025 թվականի հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թվականի զեկույցը՝ ՀԸԳՀ (CEPA) կատարման առաջընթացի վերաբերյալ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի եվրոպական կողմից համանախագահ Սիմո Տիայնենը (առցանց), ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայկական կողմից համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։ Ողջույնի խոսքին հաջորդեցին Պլատֆորմի անդամների կողմից զեկույցի ներկայացումները։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Պլատֆորմի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը։ Ըստ նրա՝ կանխարգելման ոլորտում որոշակի առաջընթաց է արձանագրվել՝ ԿԿՀ-ի թվային վիճակագրության զարգացման, հայտարարագրման համակարգի ընդլայնման և կուսակցությունների ֆինանսավորման կարգավորումների բարելավման ուղղությամբ։ Այդուհանդերձ, մնում են խնդիրներ ԿԿՀ անկախության ապահովման, այդ թվում անդամների ընտրության թափանցիկության, ինչպես նաև բարեվարքության եզրակացությունների հրապարակայնության և նվերների հաշվառման համակարգի հետ։ 
 
Հակազդման ուղղությամբ կարևոր ձեռքբերում է համարվում Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային համալրումը և մասնագիտացած դատարանների ստեղծումը։ Միևնույն ժամանակ, շարունակում են մնալ հիմնահարցեր կոմիտեի անկախության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի բարեփոխման և միասնական վիճակագրական համակարգի ներդրման հետ կապված։ Կարևոր առաւընթաց է նաև գրանցվել ազդարարման ոլորտում, որտեղ համախմբեցին պետական մարմինների, միջազգային կազմկերպութոյւնների և մասնագիտացված ՔՀԿ-ների ջանքերը։ 
 
Հակակոռուպցիոն կրթության ոլորտում որոշակի աշխատանք է կատարվել նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում էթիկայի ծրագրերի ներդրման, մանկավարժների վերապատրաստման և բարձրագույն կրթական հաստատություններում համապատասխան դասընթացների մշակման ուղղությամբ։ Սակայն դեռևս բացակայում են կրթական ծրագրերի արդյունավետության գնահատման համակարգը և հանրային հաղորդակցության ծրագրերը։ 
 
Սյուզաննա Սողոմոնյանը իր ելույթում անդրադարձավ նաև վերը նշվածի ուղղությամբ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատակններին։
 

Ելույթի ամբողջապես կարող եք ծանոթանալ այստեղ: 

 
Տեղեկանք․
Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366-րդ հոդվածին համապատասխան։ Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։