2025 թվականի մայիսի 27-ին և 30-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ՝ «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Քննարկումներից երկուսը անցկացվել են պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ներգրավված են 2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում, իսկ մյուս երկուսին մասնակցել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և ոլորտի մասնագետներ։
Քննարկումների նպատակն էր գնահատել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված այն գործողությունների կատարումը, որոնք նախատեսված են 2024 թվականի երկրորդ և 2025 թվականի առաջին կիսամյակում։
Քննարկումների ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրականացված աշխատանքները, իսկ ՔՀԿ-ները՝ բարձրաձայնել խնդիրներն ու առաջարկել լուծումներ՝ բարեփոխումների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով։
Քննարկումները վերաբերել են հետևյալ ռազմավարական ուղղություններին՝
- Ռազմավարական ուղղություն 2․ Ամբողջականության ապահովում և կոռուպցիայի կանխարգելում ոստիկանության համակարգում,
- Ռազմավարական ուղղություն 7․ Համայնքային ոստիկանություն,
- Ռազմավարական ուղղություն 12․ Միջազգային համագործակցություն և հանրային հաղորդակցություն ոստիկանության բարեփոխումների շրջանակում։
Քննարկումների արդյունքները կամփոփվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմվող հանրային մշտադիտարկման զեկույցում, որը կհրապարակվի շահագրգիռ կողմերի և հանրության համար՝ նպաստելով փաստարկված քաղաքականության մշակմանն ու հաշվետվողականության բարձրացմանը։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: