2025 թվականի ապրիլի 1-ին Երևանում կայացավ Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի 6-րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում պլատֆորմի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) ներկայացուցիչ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը։ Տիկին Սողոմոնյանը իր զեկույցում նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության տեսանելի ջանքերին 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ, դեռևս առկա են մի շարք մարտահրավերներ: ԻՀԱ-ն ներկայումս իրականացնում է գործող ռազմավարության 2023-2024 թվականների հասարակական մոնիթորինգ, և թեև վերջնական զեկույցը կհրապարակվի մայիսին, որոշ արդյունքներ արդեն ակնհայտ են:
Մտահոգիչ խնդիրները հիմնականում վերաբերում են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին: Հայաստանում արդեն ավարտվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, սակայն առկա են լուրջ մտահոգություններ դրանց ինստիտուցիոնալ զարգացման առանձին ասպեկտների վերաբերյալ: Մասնավորապես, մտահոգություններ կան ԿԿՀ-ի, Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների պաշտոնյաների նշանակման գործընթացի վերաբերյալ:
Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև պաշտոնյաների բարեվարքության ստուգման գործընթացը: Մասնավորապես, բարեվարքության ստուգման եզրակացությունները կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն որոշում կայացնողների համար: Այս եզրակացությունները հասանելի չեն հանրությանը, և եղել են դեպքեր, երբ բացասական եզրակացություն ստացած անձինք նշանակվել են պաշտոնների:
Մտահոգիչ է նաև այն, որ չնայած հակակոռուպցիոն ռազմավարությունը ներառում է կոնկրետ գործողություններ մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ, այդ ոլորտում շոշափելի գործողություններ չեն իրականացվել: Բացի այդ, մարտահրավերներ կան պետական գնումների և իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ոլորտներում:
Առկա է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի հետ կապված խնդիրներ: 2022թ.-ին այս օրենքի սահմանադրականությունը վիճարկվել է, և Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ amicus curiae-ի համար, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, չնայած նրան, որ Վենետիկի հանձնաժողովը դեռևս 2023 թվականին Սահմանադրական դատարանին է ներկայացրել իր խորհրդատվական կարծիքը։
Դրական օրինակ է ազդարարների համակարգի վերաբերյալ հասարակության և համայնքային ծառայողների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը: Այս օրինակը պետք է ծառայի որպես մոդել հակակոռուպցիոն կրթության և իրազեկության այլ ասպեկտների համար:
Հանդիպմանը բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ու Տնտեսական և սոցիալական եվրոպական կոմիտեից Սիմո Տիայնենը։ Ողջույնի խոսքով է հանդես եկել Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիադիսը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի ղեկավար Սամվել Մկրտչյանը, Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Վրաստանի, Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենը։
Օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերով ՀԸԳՀ ներդրման թեմայով զեկուցումներով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Ելույթներին հետեւել է բարձրաձայնված թեմաների վերաբերյալ քննարկում։
Սոցիալական երկխոսություն և աշխատանքային իրավունքներ թեմայով զեկուցումներով հանդես են եկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը։
Արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականության, և արդյունաբերության մեջ ՓՄՁ-ների դերակատարության ակտիվացման, այդ համատեքստում բիզնեսի հետ երկխոսության թեմաներով զեկուցումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Գործատուների հանրապետական միությունից ընտրված Պլատֆորմի անդամ Գագիկ Մակարյանը, Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, Իտալիայի արհեստավորների կոնֆեդերացիայի գլխավոր տնօրեն, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի արդյունաբերական փոփոխությունների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Ֆրանչեսկո Պիետրո դե Լոտտոն։
Ելույթների ավարտին կայացել է քննարկում։