«Armrights.am առցանց հարթակը կարող է լինել այն տեղը, որը կմիավորի բոլորիս՝ աջակցելու արցախահայերին»․ Արազ Բաղդասարյան

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

Ցանցի անդամ «Հայը կա» հասարակական կազմակերպության տնօրեն Արազ Բաղդասարյանը Iravaban.netի հետ զրույցում շեշտեց, որ իրենց համար առանցքային կարևորություն ունեն նպատակների հստակ սահմանումը և այնպիսի համակարգերի ստեղծումը, որոնք կծառայեն այդ նպատակների իրականացմանը:

«Պատահական չէ, որ մենք միացանք Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցին: Մեր համագործակցության հիմքում դրված են ինստիտուցիոնալ և համակարգային լուծումները: Մենք չենք փնտրում ժամանակավոր կամ մակերեսային «հրդեհ հանգցնելու» տարբերակներ, այլ ձգտում ենք առաջարկել երկարաժամկետ իրավական և համակարգային ճիշտ լուծումներ, որոնց առանցքը Արցախահայերի իրավունքների պաշտպանության Armrights.am առցանց հարթակն է»,- նշեց «Հայը կա» հասարակական կազմակերպության տնօրենը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում իրենք եկել են այն համոզման, որ այս հարթակը կարող է դառնալ միավորող գործիք, որի հիմքում ընկած է հոգատարության սկզբունքը:

«Այս պահին մեր ազգին հարկավոր են հենց այսպիսի համակարգեր, որոնք մեր առջև ծառացած խնդիրներին կառաջարկեն երկարաժամկետ, ինստիտուցիոնալ և արդյունավետ լուծումներ: Միայն միասին՝ մեկս մյուսին տեսնելով և աջակցելով կարող ենք մեր խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է՝ մեր արցախցի եղբայրների և քույրերի հանդեպ հոգատարության դրսևորման ուղղությամբ»,- ասաց Արազ Բաղդասարյանը:

Նա հատկապես կարևորեց այն մոտեցումը, որ իրավաբանական աջակցություն տրամադրող մասնագետներն անձամբ են այցելում արցախցիներին՝ մարզային հանդիպումների միջոցով, այսպիսով հասանելի դարձնելով իրավական օգնությունը նաև հեռավոր բնակավայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում: