«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի Կարծիքի նախապատրաստման գործընթացի շրջանակներում 2025 թվականի փետրվարի 25-ին Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության նախաձեռնությամբ առցանց ձևաչափով տեղի ունեցավ հանդիպում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) ներկայացուցիչների հետ։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից քննարկմանը մասնակցում էր ԻՀԱ-ի խորհրդի անդամ Աստղիկ Մատինյանը։
Քննարկումը ծավալվեց գործող օրենսդրության և նախագծերի փաթեթի հիմնական թիրախային կետերի ու նախագծում տեղ չգտած կարևոր խնդիրների ուղղությամբ: Քննարկման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ նախագծերի փաթեթը գործող իրավակարգավորումների համեմատ տեսանելի առաջընթաց չի արձանագրում։ Գործող օրենքում առկա ամենաառանցքային ու խնդրահարույց հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են գերակա շահի հստակ սահմանմանը, կառավարության կայացրած որոշումների մեթոդաբանությանը, սեփականատերերի իրավունքների պաշտպանությանը, փորձագիտական գնահատման անաչառությանը և այլ հարցերի, նախագծերի ներկայացված փաթեթով լուծում չեն ստանում։ Մասնակիցների նկատառումների զգալի մասը արդեն իսկ գտնվում էր Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։ Դատական կարգով հանրության գերակա շահ ճանաչված օտարված սեփականությունների տուժող սեփականատերերի շահերի պաշտպան հանդիսացող փաստաբանները, հիմք ընդունելով իրենց մասնակցությամբ նշված դատական գործերի պրակտիկան, հանդես եկան կառուցողական առաջարկներով։
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների ուսումնասիրությունների ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացված քննարկումների արդյունքում Վենետիկի հաձնաժողովը կներկայացնի «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ Կարծիք, որը կուղարկվի շահագրգիռ կազմակերպություններին։