Դեկտեմբերի 24-ին zoom հարթակում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ Ցանց) կառավարման խորհրդի հերթական նիստը՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի և Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ջուլիետտա Առուստամյանի համանախագահությամբ։
Նիստի կենտրոնական թեման էր Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական պաշտպանության համակարգային լուծումների հանրային քաղաքականության փաստաթուղթը, որը մշակվել է Ծրագրի փորձագետների կողմից։ Փաստաթուղթը ներկայացնում է արցախահայերի առջև ծառացած իրավական մարտահրավերների համապարփակ վերլուծությունը և առաջարկում է դրանց հաղթահարման կոնկրետ մեխանիզմներ։
Օրակարգում քննարկվեցին նաև Ցանցի քարտուղարության կողմից արցախահայերին տրամադրված իրավաբանական աջակցության արդյունքները և «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում հրապարակված տեսաձայնային նյութերի շարքը, որոնք համակողմանիորեն լուսաբանում են արցախահայերի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։
Առանձնակի ուշադրության արժանացավ նորաստեղծ armrights.am էլեկտրոնային հարթակը, որը կծառայի որպես արցախահայերի իրավունքների պաշտպանության գործիքակազմ։ Մասնակիցներն ուսումնասիրեցին հարթակի հնարավորությունները և քննարկեցին դրա արդյունավետ կիրառման ուղիները։
Նիստի ավարտին մասնակիցները հաստատեցին հանրային քաղաքականության փաստաթուղթը և համաձայնության եկան դրա իրագործման հետագա քայլերի շուրջ։ Ընդգծվեց, որ փաստաթուղթը կարևոր հենք է հանդիսանալու պետական մարմինների հետ հետագա համագործակցության և արցախահայերի իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման համար։