
2024 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումների առաջընթացին վերաբերող տարեկան կլոր սեղան-քննարկում։
Հանդիպման նպատակը ծրագրի արդյունավետության գնահատման և հետագա անելիքների վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների և առաջարկների հավաքագրումն էր։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից քննարկմանը մասնակցում էր ԻՀԱ-ի խորհրդի անդամ Աստղիկ Մատինյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված գործողությունները, որոնք մասնավորապես վերաբերում են քրեական ու վարչական դատավարության օրենսդրության, դատարանների ծանրաբեռնվածության կրճատմանն ուղղված բարեփոխումներին, խոշտանգումների արգելքին, հաշտարարների ու նոտարների վերապատրաստումներին։
Հնչեցին կարծիքներ ու լուծումներ պարունակող առաջարկներ վեթինգի, փաստաբանության, իրավահավասարության մասին օրենսդրության բարեփոխումների, հանրային իրազեկվածության բարձրացման, դատական իշխանության անկախության ու դատական համակարգի վստահության բարձրացման և այլ հարցերի շուրջ։