Հանդիպում ՀԱՊՀ ուսանողների հետ բյուջետային կարողությունների զարգացման թեմայով

Նոյեմբերի 22-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի թիմը հանդիպեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ՝ ներկայացնելով բյուջետային փորձագետ դառնալու արդիական հեռանկարները։

Բացման խոսքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունը և budgets.am հարթակը, որը դարձել է բյուջետային գիտելիքների յուրացման արդյունավետ միջոց։ Առանձնակի շեշտադրվեց այն բացառիկ հնարավորությունը, որը ծրագիրն ընձեռում է երիտասարդներին՝ համատեղելու տեսական գիտելիքները պրակտիկ փորձի հետ։

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մանրամասնեց ուսումնական ծրագրի բովանդակությունը և կարևորեց բյուջետային վերլուծության հմտությունների դերը ժամանակակից մասնագետի կայացման գործում։

Հանդիպման ամենատպավորիչ պահերից էր ՀԱՊՀ ուսանող Լևոն Սողոմոնյանի ելույթը։ Որպես ծրագրի առաջին հոսքի շրջանավարտ, նա այժմ իր գիտելիքներն է ներդնում «Համընդհանուր ներառում․ պետական ներդրումների արդյունավետություն և հաշվետվողականություն» ենթադրամաշնորհային ծրագրում։ Լևոնը կիսվեց իր մասնագիտական ուղու փորձառությամբ, հատկապես կարևորելով պետական կառույցներ կատարված այցելությունների արժեքը, և խրախուսեց համակուրսեցիներին օգտվել այս եզակի հնարավորությունից։

Միջոցառումն ավարտվեց քննարկումներով, որտեղ ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները։ Բազմաթիվ ուսանողներ արդեն հայտնել են ծրագրին միանալու իրենց ցանկությունը։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: