«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կնքվեցին առաջին փուլի ենթադրամաշնորհային պայմանագրերը

Նոյեմբերի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհների տրամադրման առաջին փուլի ենթադրամաշնորհային պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին երկու ենթադրամաշնորհային մրցույթներում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունները՝

  • «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
  • «Լուսաստղ» ՀԿ
  • «Մեդիան հանուն կրթության» ՀԿ
  • «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Հատկանշական է, որ արարողությանը մասնակցում էին նաև ծրագրի շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցման ուղղված ուսումնական ծրագրի առաջին հոսքի լավագույն արդյունքներ գրանցած չորս երիտասարդ մասնագետները՝ Լիանա Աղաջանյանը, Էլենա Հարությունյանը, Անժելա Քոչարյանը և Լևոն Սողոմոնյանը, ովքեր կներգրավվեն հաղթող ՔՀԿ/ԶԼՄ-ներում, որպես երիտասարդ մասնագետ, բյուջետային վերլուծությունների իրականացման, բյուջեի մշտադրտարկման և պարզեցված բյուջեների մշակման գործում։

Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով շնորհավորեց հաղթողներին և մաղթեց արդյունավետ, համատեղ և բեղուն աշխատանք։

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, ով իր խոսքում ընդգծեց ծրագրի կարևորությունը և Եվրոպական միության ջանքերը թափանցիկ բյուջետային գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման գործում։

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ծրագրի փորձագետ Կարինե Հարությունյանը ևս ողջունեց ներկաներին՝ մաղթելով ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացում։

Միջոցառման ավարտին հանդիսավոր կերպով կնքվեցին ենթադրամաշնորհային պայմանագրերը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: