ԻՀԱ խորհրդի անդամ Աստղիկ Մատինյանը մասնակցեց ԲԴԽ աշխատակարգի փոփոխությունների նախագծի քննարկմանը

2024 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում «Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր» հյուրանոցում տեղի ունեցավ «Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դեմ բողոքների քննության նոր ընթացակարգը» թեմայով հանդիպում քննարկում։  Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ), ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակը Բարձրագույն դատական ​​խորհրդի աշխատակարգում նախատեսվող փոփոխությունների նախագծի քննարկումներին քաղաքացիական հասարակության ներգրավումն էր։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից քննարկմանը մասնակցում էր ԻՀԱ-ի խորհրդի անդամ Աստղիկ Մատինյանը։ Քննարկումը հիմնականում ծավալվեց ԲԴԽ աշխատակարգի 8-րդ գլխում նախատեսվող փոփոխությունների շուրջ։ Հնչեցին առաջարկներ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցերի  քննության համար դատական կազմերի ձևավորման կարգի, վիճակահանության, ու կազմերի անաչառությունը վիճարկող հարցերի, դատավորների առաջխաղացման ցուցակներում ընդգրկված թեկնածուների վերաբերյալ պատճառաբանված որոշումներ կայացնելու և այլ հարցերի վերաբերյալ։