2024 թվականի նոյեմբերի 7-ին Նոր Հաճըն համայնքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Armrights.am թվային հարթակն ունի առանցքային նշանակություն՝ ապահովելով հասանելիություն, տեղեկատվության կենտրոնացում, թափանցիկություն և արդյունավետություն: Այն նաև նպաստում է տվյալների հավաքագրմանը և իրազեկվածության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին կայքի բաժինները, դրանց նշանակությունը, ինչպես նաև հայտ ներկայացնելու և դրա ընթացքին հետևելու գործընթացը: Այս ամենը նպատակ ունի օգնել տեղահանված անձանց արդյունավետորեն օգտվել այս կարևոր ռեսուրսից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական և սոցիալական պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։ Մասնավորապես՝ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չվճարված կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման մեխանիզմները, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարուցված վարույթների կարգավորման ընթացակարգերը, անձը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայական, զինվորական գրքույկ) վերականգնման գործընթացը, բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրավական կարգավորումները, ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի (փախստականի) վկայականի տրամադրման ընթացակարգը, հաշմանդամության կարգավիճակը հաստատող փաստաթղթերի վերականգնման մեխանիզմները, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում բնակության իրավական հիմքերի ապահովման հարցերը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: