2024 թվականի հոկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 5-րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում պլատֆորմի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) ներկայացուցիչ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը։ Տիկին Սողոմոնյանն իր զեկույցում անդրադարձել է հակակոռուպցիոն մարմինների զարգացմանն ու անկախության ապահովմանը, ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված նախաձեռնություններին, բարեվարքության ստուգման և ապօրինի ծագում ունեցող գույքի ինստիտուտի օրենսդրական կարգավորումների վերանայման անհրաժեշտությանը։
Զեկույցի ավարտին տիկին Սողոմոնյանն անդրադարձավ COP29-ի՝ Ադրբեջանում անցկացնելու որոշման շուրջ ծագած մտահոգություններին։ ԻՀԱ-ն, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, այս որոշումը համարում է անհամատեղելի COP-ի նպատակների և արժեքների հետ՝ հիմնվելով Ադրբեջանի վարքագծի վրա մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական հարցերում։ Այս կապակցությամբ ԻՀԱ-ն պաշտոնական հայտարարություն է ներկայացրել ՄԱԿ-ին՝ խնդրելով վերանայել որոշումը, սակայն այն մնացել է անփոփոխ։
Այցի շրջանակներում ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայկական պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարի տեղակալ Նատալի Լուազոնի հետ։