Ժաննա Գրիգորյանը օկուպացված Արցախի Հանրապետությունից դուրս է եկել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում նա ասաց, որ իրենց հետ ոչ մի փաստաթուղթ չեն կարողացել վերցնել, միայն անձնագիր։
«Խաչմաչ գյուղից սեպտեմբերի 19-ին ենք դուրս եկել։ Տուն էլ չէի հասել, վազել էի թոռնիկներիս մոտ, այնտեղից էլ գնացել ենք Ստեփանակերտ։ Մեզ ասել էին, որ անտառներով ենք գնալու, երկու ծածկոց էի վերցրել։ Նկուղներում մնացինք, ահավոր վիճակ էր, թուրքերն արդեն շատ մոտ էին, կողքի գյուղում մեքենա էին պայթեցրել։ Այսքանը լսելով՝ նույնիսկ հաց չենք վերցրել մեզ հետ, ահավոր վիճակ էր»,-ասում է նա։
Ժաննա Գրիգորյանը նշում է, որ երկու օր, շատ դժվարությամբ ճանապարհ են եկել։ Նա ասում է, որ Հայաստանում շատ խնդիրների չեն բախվել, միայն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն։
«Օրինակ իմ ծննդականը չկա, ամուսնության վկայականը, աշխատանքային գրքույկը։ Ամեն ինչ մնացել է այնտեղ։ Ես պետք է տան համար դիմեմ, բայց այդ փաստաթղերն անպայման պետք են»,-ասաց նա։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյութում։