Գաշկոյան Լիլիթը բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով։ Տիկին Լիլիթը Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց, որ դուրս չէր գա Արցախից, եթե զինվորները չվերցնեին իր շանն ու դնեին Հայաստան բերող ավտոբուսի մեջ։
«Սկսեցին «բամբիտ» անել, փախել, մտել ենք նկուղը, ընդհանրապես դուրս չենք եկել։ Դե, որ ասացին՝ պետք է դուրս գանք Արցախից, չհավատացինք, որ մեզ կհանեն այնտեղից։ Ճիշտն ասած՝ ես չէի ուզում դուրս գալ, ուզում էի մնալ։ Ես շանս տարել էի ման տալու, ճանապարհին՝ մեր բակում, կողքի շենքի զինվորականները եկան, եկան, տեսան, որ բակում եմ»,-պատմում է մեր զրուցակիցը։
-Խի՞ ես ստեղ։
-Շտե՞ղ պիտի քինամ ես։
-Բա թորքերը կայմըն, շտեղ կանգնես, հի՞նչ անես, սաղ մարդիկ քինամըն։
-Ես օզում չիմ տոնս թողիմ, քինամ։
-Հո գժվա՞լ չես։ Լսու՞մ ես թուրքերի ծեները։
-Դե ինձ հի՞նչ պիտի անին։
-Հո՞ւնց թե՝ հինչ պիտի անին, տես, քեզ նման քանիսին են մորթալ, քանիսին են առավանգալ։
-Ես իմ տնից օզում չեմ տուս կյամ, թող իմ արոնս, իմ հողիս միջին լինի։
Զինվորականները հասկացել են, որ տիկին Լիլիթը ոչ մի կերպ չի ցանկանում լքել իր տունը։ Նրանցից մեկը վերցրել է տիկին Լիլիթի շանը՝ Կառատիշկային, և դրել մեքենան․ «Շան հետ փոքր հասակից կապվել եմ, որ տեսա՝ հնարավոր չէ, ստիպված ես էլ նստեցի մեքենան»։
Կառատիշկան 5 տարեկան է։ Մեր զրուցակիցը նրան պահում է 2020 թվականից։ Մի տղա է թողել իր մոտ ու գնացել պատերազմ, հեռախոսահամարներով փոխանակվել են, որ հենց ետ գա, անպայման զանգի և իր շանը տանի, բայց այդպես էլ զանգ չի ստացել տիկին Լիլիթը․ «Ասել եմ՝ երբ գաս, շունը քոնն է, գնացել ու չի եկել ու իր հիշատակը ես պահում եմ»։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է Կառատիշկան այդքան ճանապարհ եկել։ Մեր զրուցակիցն ասաց, որ երբ ռուսների մոտով են անցել շունը հանգիստ է եղել, բայց երբ ադրբեջանցիների մոտ են հասել Կառատիշկան մտել է նստարանի տակ։ Բոլորը զարմացել են, ասել են՝ նույնիսկ շունն է հասկանում, որ վտանգը նրանցից է գալիս։ Այդպես էլ չեն նկատել բռնի տեղահանվող շանը։
Տիկին Լիլիթը միայնակ է ապրում, միայն Կառատիշկային ունի։ Խոսելով խնդիրների մասին, ասում է, որ կցանկանար բնակարան ունենալ։ Ոչինչ չի հասցրել իր հետ վերցնել, նույնիսկ հագուստ։
«Ավելի լավ է տանդ շունը լինես, քան ուրիշի տան թագավորը։ Ես հույսս չեմ կտրում, որ պետք է հետ վերադառնամ։ Թեկուզ տունս թալանած, տարած լինեն»,-ասում է նա։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյութում։