2024 թվականի հոկտեմբերի 15-ին Արարատ համայնքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Armrights.am թվային հարթակն ունի առանցքային նշանակություն՝ ապահովելով հասանելիություն, տեղեկատվության կենտրոնացում, թափանցիկություն և արդյունավետություն: Այն նաև նպաստում է տվյալների հավաքագրմանը և իրազեկվածության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին կայքի բաժինները, դրանց նշանակությունը, ինչպես նաև հայտ ներկայացնելու և դրա ընթացքին հետևելու գործընթացը: Այս ամենը նպատակ ունի օգնել տեղահանված անձանց արդյունավետորեն օգտվել այս կարևոր ռեսուրսից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հուզող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես՝ սոցիալական աջակցության նախորդ ամիսների չվճարված գումարների տրամադրման հարցը, վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով բանկային սև ցուցակում հայտնված անձանց խնդիրները և դրանց կարգավորման հնարավորությունները, ծննդյան վկայականների վերականգնման ընթացակարգերը և իրավաբանական փաստերի հաստատման գործընթացը, բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման մեխանիզմները: Քննարկվեցին նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը, նրանց տրամադրվող բժշկական ծառայությունների տեսակներն ու ծավալները, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգերը։։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: