«Թուրքերը տանկերով եկան, որ մեզ կոտորեն, ռուսները լցրեցին փոսը, ասացին՝ ձայն չհանեք»․ ինչպե՞ս փրկվեցին 83 հոգի, պատմում է բռնի տեղահանված կինը

Ելենա Բուդաղյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետությունից։ Ունի երկու հաշմանդամություն ունեցող որդի, որոնցից մեկը վիրավորում է ստացել 2023 թվականին։ Հիշում է, թե ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ, իրենք մի կերպ փրկեցին իր տղային, որն անկաղնում պառակած է եղել և չի կարողացել փախչել՝ թշնամու ռմբակաոծությունից փրկվելու համար։

«Տղաս տան հետնամասով մտավ և եղբորը վերմակով հանեց, գցեց հողամաս, վերմակով էլ քաշ տվեցինք, տարանք կամրջի մոտ, այնտեղից էլ գնացել ենք Ճանգաթաղ, իմ հայրենի գյուղս։ Գիշերը ժամը երկուսին մեզ այդ գյուղից հանեցին, տարան անտառ՝ Չլդրան։ Երեք օր մնացինք, տեսանք՝ չէ, կռիվը քանի գնում, վատանում ա, եկանք Հայաստան»,- Iravaban.net-ի՝ «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց նա։

Տիկին Ելենան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո վերադարձել է Արցախ։ Ինչպես բոլոր արցախահայերը, նա էլ ապօրինի շրջափակման դժվար օրերն անցկացրել է հույսով և չի մտածել հայրենիքից հեռանալու մասին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին պատրաստվել է աշխատանքի գնալ, սակայն, ինչպես ինքն է ասում՝ կարծես ինչ-որ մեկն իրեն հետ է պահել և նա վերադարձել է տուն, կեսօրին սկսվել է ռմբակոծությունը։

«Հաշմանդամություն ունեցող տղաս նստած էր բակում, մեկ էլ դըմփ, դըմփ, դըմփ։ Ոչխարը բղավում էր, շունն ու կատուն անցք չէին գտնում, որ թաքնվեն։ Մտել եմ թաքստոց։ Մեծ տղաս է զանգել, թե մամ, թուրքերը հասել են թզի ծառի տակ, Արմենին վերցրու, դուրս եկեք։ Հարևանս եկավ, տղայիս մի թևից նա բռնեց, մյուսից՝ ես, տղայիս քաշ տալով․․․մութ, ոնց որ գիշեր լիներ։ Ռուսներն էլ մեր տան մոտ էին։ Նրանք եկան մեր ժողովրդին հերթով քաշ տալով տարան իրենց մոտ։ Թուրքերը եկան, որ մեզ՝ հայերիս, 83 հոգի կոտորեն, ռուսները չթողեցին։ Ասացին՝ այստեղ հայ չկա։ Մեզ ասել էին՝ ձեն չհանեք։ Թուրքերը տանկերը կանգնեցրել էին, որ գան, մեզ կոտորեն։ Այդտեղ ոսկու հանքի հորն էր, մեզ լցրել էին այնտեղ ռուսները։ 5 օր մեզ այդ հորում պահել են»,-պատմեց Ելենա Բուդաղյանը։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։