2024 թվականի օգոստոսի 9-ին Մեծամոր համայնքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Հանդիպման ընթացքում Ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանը ներկայացրեց Ծրագրի շրջանակներում ստեղծված armrights.am էլեկտրոնային հարթակը: Նա մանրամասն պարզաբանեց կայքի յուրաքանչյուր բաժնի էությունն ու նշանակությունը: Բացի այդ, Ավագյանը ցուցադրեց, թե ինչպես կարելի է ներկայացնել հայտ և տրամադրված ծածկագրի միջոցով հետևել դրա ընթացքին:
Նաև պարզաբանվել են արցախցիներին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում կապված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի, ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը և զինվորական գրքույկը վերականգնելու ընթացակարգերի, փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման հիմքերի հետ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (Juremonia) ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: