Բյուջետային ուսումնական ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների հետ

Հուլիսի 31-ին ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների ուսումնական ծրագրերի շրջանակներում մասնակիցներն այցելեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ նպատակ ունենալով ծանոթանալ ծրագրի թիրախային ոլորտներից գյուղատնտեսության համար բյուջեով նախատեսվող միջոցառումներին, առաջնահերթություններին և այդ գործընթացում քաղհասարակության մասնակցության մեխանիզմներին։

Նախարարությունում մասնակիցների հետ հանդիպում ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղական Արման Խոջոյանը և Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գայանե Աթոյանը։ Նախքան հանդիպմանը մեկնարկը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը ներկայացրեցին ծրագրի նպատակը, բաղադրիչները և այն արդյունքները, որ ակնկալվում է նվաճել ծրագրի իրականացման ընթացքում։ 

Հանդիպման սկզբում Պարոն Խոջոյանը նախ ողջունեց մասնակիցներին, ապա անդրադարձ կատարեց գյուղատնտեսության ոլորտի այն հիմնական առաջնահերթություններին և միջոցառումներին, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա բյուջեով։

Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Մարտիրոսյանն անդրադառնալով բույսերի պաշտպանության միջոցառումներին նշեց, որ 2011 թվականից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվում է դպրոցներում ջերմոցների կառուցման ծրագիր՝ նպատակ ունենալով երեխաներին ուսանել բյուսերի աճեցման և պահպանման մեխանիզմներ, սակայն սրան զուգահեռ գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված բյուջեում հատկացվող ռեսուրսները 2023 թվականի համեմատ 2024 թվականին 38․7 տոկոսով կրճատվել են։ Տիկին Մարտիրոսյանը ցանկացավ տեղեկանալ արդյոք այս կրճատումը չի խանգարի վերոնշյալ ծրագրի պատշաճ իրականացմանը և իրավասու մարմինների շահերը համընկնում են։

Հարցադրմանն ի պատասխան պարոն Խոջոյանը նշեց, որ բյուջեի մեջ յուրաքանչյուր փոփոխություն իրականացվում է ըստ տվյալ ժամանակահատվածի առաջնահերթությունների, իսկ կատարվող փոփոխությունները մանրամասն քննարկվում են, և ապա ընդունվում։

Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի լրագրող Կարինե Կազարովան ցանկացավ տեղեկանալ արդյոք յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով գյուղատնտեսության համար նախատեսված ռեսուրսներն ամբողջությամբ սպառվում են։ Անդրադառնալով մասնակցի հարցին Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ ամեն տարի գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված ռեսուրսները ոչ միայն ամբողջովին սպառվում են, այլև գերակատարում են հաստատված տարեկան բյուջեից ավել ծախսով։

Մասնակիցները մի շարք հարցեր հնչեցրեցին նաև գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) և բացառապես բնական ճանապարհով մշակված մթերքների տարանճատման համար նախատեսվող ռեսուրսների, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի արդյունավետության, պարենային և սննդամթերքի անվտանգության, գյուղատնտեսական վարկերի, գյուղատնտեսության ոլորտում քաղաքացիների կրթության և ոլորտային այլ առաջնահերթությունների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ քաղհասարակությունն այսուհետ էլ ավելի մասնակցային կլինի գյուղատնտեսության ոլորտի բյուջեի ձևավորման գործում և հանդես կգա ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկություններով։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության անասնաբուծության վարչության պետի ժ/պ      Տիգրան Ալեքսանյանը, անասնաբուծության վարչության փորձագետ    Աշոտ Հովհաննիսյանը, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի ավագ մասնագետ      Սոնա Սիմոնյանը, ագրովերամշակման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի պետ   Արայիկ Արամյանը, գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ    Իռա Փանոսյանը, գյուղատնտեսության աջակցության ծրագրերի նախագծման բաժնի պետ Արմենակ Աղաջանյանը, գյուղատնտեսության աջակցության ծրագրերի նախագծմանգլխավոր մասնագետի ժ/պ  Անի Հովակիմյանը, Անասնաբուժության բաժնի պետ Տիգրան Անդրեասյանը, Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը, Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը, Բուսաբուծության վարչության երկրագոծության և սերմնաբուծության բաժնի ավագ մասնագետ Նարինե Սչանյանը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: