Բյուջետային ոլորտում ուսուցանված ՔՀԿ-ները, ԶԼՄ-ները և երիտասարդ մասնագետները ուսումնական այց ունեցան ՀՀ արդարադատության նախարարություն

Հուլիսի 30-ին երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլերի շրջանակներում ուսումնական ծրագրի մասնակիցներն ունեցան հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Արեյանի և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Զառա Մարգարյանի հետ։ Այցը կազմակերպվել էր ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որի թիրախային ոլորտներից է նաև արդարադատություն։

Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց պարոն Արեյանը, որը ընդհանուր գծերով ներկայացրեց նախարարության կողմից բյուջետային գործընթացում իրականացվող գործողությունները, իսկ ապա Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, մինչ այժմ կատարված գործողություններն ու արդյունքները, վերապատրաստված ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների, երիտասարդ մասնագետների ստացած գիտելիքների և հմտությունների շրջանակը, ինչպես նաև հանդիպումից ակնկալվող արդյունքները։

Բովանդակային ներկայացման նպատակով խոսքը փոխանցվեց տիկին Մարգարյանին, որը խոսեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերից և դրա ներքո կատարվող առանձին միջոցառումներից՝ անդրադառնալով նաև այդ միջոցառումների ծախսարդյունավետությանը։
Այնուհետև քննարկումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։

Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի լրագրող Կարինե Կազարովան անդրադարձավ գրեթե բոլոր մարզերում հանդիպող խնդրին, որով պայմանավորված առկա է կալանավորված անձանց տեղափոխության տրանսպորտային խնդիր և հետաքրքրվեց, թե արդյոք բյուջեով նախատեսվում են որոշակի ռեսուրսներ այդ հարցի լուծման կապակցությամբ։ Ի պատասխան, ԱՆ ներկայացուցիչը պատասխանեց դրական՝ նշելով առաջիկայում բյուջեով նախատեսվում է այդ հարցերի լուծմանն ուղղված ռեսուրսներ տրամադրել։

Սյուզաննա Սողոմոնյանը դիտարկում կատարեց այն հարցի վերաբերյալ, որ ռազմավարական փաստաթղթերում ֆինանսավորման աղբյուրների բաժնում նշված են օրենսդրությամբ չարգելված աղբյուրներ։ Այդ աղբյուրները, որպես կանոն, լինում է կամ պետական բյուջեն, կամ միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված դրամաշնորհները։ Նա հետաքրքրվեց, նման պարագայում, ինչպես է որոշվում թե կոնկրետ որ միջոցառումը, որ աղբյուրների հաշվին պետք է կատարվի․ ելնելով ՀՀ-ի՝ տվյալ պահին թիրախային առաջնահերթություններից, թե այլ մեթոդոլոգիա է գործում։ Հարցադրմանն ի պատասխան ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ յուրաքանչյուր միջոցառման ֆինանսավորման աղբյուրը որոշվում է ելնելով տվյալ պահին թիրախային առաջնահերթություններից։

Մասնակիցների կողմից շատ հարցեր հնչեցին մասնակցային բյուջետավորման վերաբերյալ, մասնավորապես ինչպիսի խնդիրներ են առկա և ինչպես կարող է քաղհասարակությունը նպաստել այդ խնդիրների լուծմանը, և առհասարակ ինչպես կարող է այս գործընթացին աջակցել։ Ի պատասխան այս հարցերին ԱՆ գործընկերները նշեցին, որ այս գործընթացին աջակցելու լավագույն եղանակը ակտիվ մասնակցությունն է բյուջետային հայտերի հանրային քննարկումներին, քանի որ քաղհասարակության բոլոր առաջարկներն անխտիր հավաքագրվում են և քննարկվում։ Նախարարության գործընկերները նաև հույս հայտնեցին, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը կնպաստի այդ ակտիվ մասնակցությանը և առաջարկությունների ներկայացմանը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: