Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցներն այցելեցին ՀՀ ֆինանսների նախարարություն

Հուլիսի 29-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլերի շրջանակներում մասնակիցներն այցելեցին ՀՀ ֆինանսների նախարարություն։

Այցի սկզբում երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին ողջունեց ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արայիկ Եսայանը և մաղթեց արդյունավետ և հետաքրքիր քննարկում։ Նա նաև անդրադարձավ մասնակիցների հարցերին, որոնց վերաբերյալ ընթացավ բազմակողմանի քննարկում։ 

Այնուհետև բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի պետի պարտականությունները կատարող Սվետա Հարոսյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցներին հուզող հարցերին։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչը խոսեց բյուջետային գործընթացի փուլերից և իր խոսքում անդրադարձ կատարեց քաղհասարակության կողմից ակնկալվող մասնակցությանը՝ բյուջետային գործընթացից երկուստեք դրական արդյունքներ գրանցելու նպատակով։

Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, «Լուսաստղ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արփինե Սերոբյանին հետաքրքրեց այն վերահսկման մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն հասարակական կազմակերպությունների կողմից  մասնակցային բյուջետավորման շրջանակներում   իրենց իսկ ներկայացրած ծրագրերի վերահսկման նպատակով։

Մասնակիցների կողմից հնչեցին մի շարք հարցեր նաև մասնակցային բյուջետավորման մեխանիզմների, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման ֆինանսական մասնատումների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ֆինանսների նախարարության ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին բյուջետային գործընթացում իրենց ներգրավման պատրաստակամության համար՝ խրախուսելով մասնակիցներին, որպեսզի  մասնակցեն հանրային քննարկումներին և իրենց ուրույն ներդրում ունենան այդ գործընթացում։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: