Գործարկվել է Արցախից բռնի տեղահանվածներին իրավական աջակցության հարթակը՝ armrights.am-ը

Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացում» ծրագիրը, այսօր՝ հուլիսի 26-ին, տեղի ունեցավ Արցախից տեղահանվածներին իրավական և իրավաբանական օգնության էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը։

Ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ մեծ ջանքեր են ներդրվել ծրագիրն իրականացնելու համար։ Նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:

«Գիտեք, որ խնդիրները բազմազան են, մարդկանց իսկապես օգնություն է անհրաժեշտ, որոնց լուծումը հիմնականում կապված է խրթին իրավական ընթացակարգերի հետ։ Կներկայացնենք նաև Արցախից տեղահանվածներին իրավական և իրավաբանական օգնության հարթակը, որը մի քանի ամիսների ընթացքում ստեղծել ենք, armrights.am-ը։ Դրա միջոցով Հայաստանի մարզերում ապրող արցախահայերը կկարողանան իրենց խնդիրները ներկայացնել առցանց եղանակով, մենք էլ փորձելու ենք այդ խնդիրներին ընթացք տալ»,-նշեց Կարեն Զադոյանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը խոսեց ծրագրի, դրա նպատակների, այն գործողությունների մասին, որոնք կատարվել են կամ նախատեսվում են առաջիկայում։ Նպատակներից կարևորագույնը Հայաստանում բռնի տեղահանված արցախցիների արագ և հեշտ ադապտացմանը  նպաստելն է։

«Մյուս նպատակն էլ աջակցությունն է մեր հայրենակիցներին՝ արցախցիներին, իրենց իրավական խնդիրների լուծման ճանապարհին։ Թիրախներից մեկն էլ մեր հայրենակիցների իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է՝ իրազեկման արշավների միջոցով»,-ասաց Մարդոյանը։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբան Մարիանա Ավագյանը նշեց, որ իրավաբանական աջակցությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով ՏԻՄ-երի միջոցով հանդիպումներ են կազմակերպվել հենց այն համայնքներում, որտեղ բնակվում են տեղահանված քաղաքացիները։

«113 արցախցու անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվել տեղում՝ Հայաստանի 12 համայնք մեր այցելությունների ժամանակ, 10 քաղաքացի ինքնուրույն է դիմել մեր գրասենյակ, ևս 28-ը՝ հեռավար (հեռախոսով կամ առցանց)։ Այս ընթացքում համագործակցել ենք TUMO-ի, «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության հետ։ Իրազեկման սեմինար ենք անցկացրել, որի նպատակը Արցախից բռնի տեղահանված անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է եղել։ Ներկայացվել են այն աջակցության ծրագրերը, ինչպես նաև օրենդրական կարգավորումները, որոնց վերաբերյալ հաճախ հարցեր են առաջանում»,-նշեց Մարիանա Ավագյանը։ 

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» ՀԿ գործադիր տնօրեն, բռնի տեղահանված Ջուլիետտա Առուստամյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք բախվում են տեղահանվածները դեռ 2020 թվականից հետո՝ չհասկանալով՝ ուր պետք է գնան, ինչպես պետք է լուծեն այդ խնդիրները։

«2023-ից հետո սուր անհրաժեշտություն էր առաջացել միավորել քաղհասարակության այն ներկայացուցիչների ջանքերը, որոնք զբաղվում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Հենց այդ անհրաժետությամբ էլ պայմանավորված ստեղծվել է ցանցը»,-նշեց նա։

Ցանցի հիմնադիր անդամներից ձևավորվել է 12 հոգիանոց կազմով կառավարման խորհուրդը: Ցանցում վեր են հանվում և քննարկվում արցախահայերի հիմնական խնդիրները։

Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց armrights.am-ը։ Էլեկտրոնային հարթակի անվանումն ընտրվել է Ցանցի անդամների կողմից կայացած քվեարկության արդյունքում։ 

Էլեկտրոնային հարթակի միջոցով արցախահայերը հնարավորություն են ունենալու առանց բարձրացնել և լուծել իրենց իրավական խնդիրները։ Հարթակի միջոցով քաղաքացիները կարող են նաև ֆինանսապես աջակցել  արցախահայերի իրավական խնդիրների լուծմանը։

«Սա փորձնական հարթակ է, որն անընդհատ լավարկելու ենք։ Հարթակում տեղադրվել են նաև արցախահայերի հաջողության պատմությունները՝ ցույց տալու համար, որ եթե մեկ անձի իրավական խնդիրները լուծվում են, ապա համանման խնդիրներ ունեցող մեկ այլ անձ դա կարող է տեսնել և դիմել, որպեսզի իր խնդիրները նույնպես լուծվեն։ Լուծված խնդիրը կարող է փոքր թվալ, սակայն այդ անձի, ընտանիքի համար այն լուրջ հաջողություն է»,-նշեց Կարեն Զադոյանը։

Այնուհետև ներկաները հարցեր ուղղեցին կազմակերպիչներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 անձ, որոնցից 30 հազարը երեխաներ են: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները՝ Երևանում։