Բյուջետային ծրագրերի մոնիտորինգի և գնահատման վերաբերյալ դասընթաց

Հուլիսի 12-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի դեմ առ դեմ փուլի շրջանակներում տեղի ունեցան հետական դասընթացները երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այս անգամ բյուջետային ծրագրերի մոնիտորինգի և գնահատման թեմայով։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցների հետ միասին քննարկեց մոնիտորինգը, սոցիալական աուդիտը, պետական ծախսերի հսկողությունը և բյուջեի անկախ վերլուծությունը։
Այնուհետև առանձին ուսումնասիրվեցին բյուջեի վերլուծության տեսակները և անդրադարձ կատարվեց գնահատումների տեսակներին և չափանիշներին։
Ապա, տեսական մասին հաջորդեց գործնական մասը։ Մասնակիցները փորձեցին մշակել բյուջետային ծրագրի գնահատման հիմնական չափանիշները և գնահատման յուրաքանչյուր չափանիշի համար ձևակերպել հիմնական հարցադրումները։
Դասընթացի սկզբում և ավարտին մասնակիցները լրացրեցին սկզբնական և վերջնական գիտելիքների գնահատման թեստեր՝ թեմայի վերաբերյալ գիտելիքների աճի ստուգման նպատակով։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: