Մեկնարկեց բյուջետային ուսուցման դեմ առ դեմ փուլը

Հունիսի 19-ին տրվեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ ուսուցման փուլի մեկնարկը։
Փուլը մեկարկեց ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանի բանախոսությամբ։
Առաջին դասի թեման էր հանրային բյուջեների վերլուծությունը, որի շրջանակներում մասնակիցները փորձագետի հետ միասին բարձրացրեցին մի շարք հարցեր և ունեցան արդյունավետ քննարկում բյուջեյի վերլուծության նպատակների, կիրառության, ֆինանսական ծավալների, ծախսերի և եկամուտների վերաբերյալ։
Ապա, առավել ինտերակտիվ ընթացքի ապահովման և պրակտիկ հմտությունների զարգացման նպատակով մասնակիցներն իրականացրեցին խմբային և գործնական աշխատանքներ՝ փորձելով հմտանալ բյուջեյի վերլուծության գործում։
Դասապրոցեսի ընթացքում և՛ երիտասարդ մասնագետները, և՛ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները լրացրեցին փորձագետի կողմից մշակված նախնական, իսկ արդեն դասընթացի ավարտին՝ վերջնական գիտելիքների ստուգման թեստեր։ Թեստերի նպատակն է գնահատել դասընթացի արդույնավետությունը և մասնակիցների գիտելիքի աճը։
Դասընթացն անցկացվում է հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց ձևաչափերով՝ նպատակ ունենալով հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն տալ մասնակցել դասընթացներին և ունենալ իրենց լուման ոլորտի բարելլավման գործում։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: