Հունիսի 6-7-ը Երևանում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության համայնքային երկխոսություն» միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՄ հանուն բարևարքության ծրագրի աջակցությամբ: Միջոցառման նպատակն է քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցայնության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների 80 ներկայացուցիչներ: Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացնում էին հակակոռուպցիոն փորձագետներ Մարիամ Զադոյանը և Սյուզաննա Սողոմոնյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության «Governance and fragile states» տնօրեն Քեթրին Կրյուգերը և Արևելյան գործընկերության երկրների ԲԿԳ տարածաշրջանային համակարգող Պետեր Վարգան:
Միջոցառման ժամանակ ԻՀԱ-ի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը ազդարարարման խնդիրների վերաբերյալ կլոր սեղան վարեց, որի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին արդի առանձնահատկություններով նորարարական էլեկտրոնային գործիքները, բացահայտեցին այն ընդհանուր մարտահրավերները, որոնց բախվում են ազդարարները: Քննարկման ժամանակ դիտարկվեցին այնպիսի էլեկտրոնային հարթակներ, ինչպիսիք են պետության կողմից գործարկվող «Ազդարարիր» (Azdararir.am) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայտնիր» (Haytnir.am) և ԲիզՊաշտպան (Bizprotect.am) հարթակները։ Ծավալված մտագրոհի ընթացքում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավարր ստեղծելուն նպաստող ռազմավարությունների ջատագովության, ինչպես նաև ուսումնասիրեցին ապօրինությունների մասին ազդարարող անձանց պաշտպանության նպատակով ազդարարաման հուսալի մեխանիզմներ ստեղծելու իրավական շրջանակներն ու լավագույն փորձը։
Միջոցառման ընթացքում ուսումնասիրված այլ թեմաներն էին՝ հանրային մասնակցությունը, մասնակցային բյուջետավորումը, տեղեկատվության հասանելիությունը և հանրային տարածքը:
Երկօրյա միջոցառումը ծառայեց որպես գաղափարների շուկա, որը միտված էր հաջողված փորձի փոխանակման միջոցով խթանելու քաղաքացիական ներգրավվածությունը լավ կառավարման բարեփոխումներում:
Լուսանկարները` ՀՀ կառավարության կայքից, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Բաց կառավարման գործընկերության