Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ` ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ, Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, Մարատ Ատովմյանը պաշտոնական հանդիպում ունեցան Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահ Ջուզեպպե Բուսիայի հետ:

Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահ Ջուզեպպե Բուսիան ներկայացրեց իր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության շրջանակը, գրանցած արդյունքները` այդ թվում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, կարևորեց հակակոռուպցիոն կառույցների միջև միջազգային համագործակցությունը, ՀՀ-ի հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գրանցած հաջողություններն ու փորձը, Կոալիցիայի հետ համագործակցության զարգացումը, այդ թվում համագործակցության շրջանակներում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների և մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրերի կազմակերպումը:

Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ, Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպումներ էին ունեցել Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ:
Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի մայիսի 22-ին, մեկնարկել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված է մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել է մարմնի և հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։ Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։


