Այսօր՝ մայիսի 23-ին, Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը հանդիպումներ ունեցան Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ:
Հայկական պատվիրակությանը նախ պաշտոնական հանդիպում ունեցավ Միջազգային Հանձնաժողովի Համագործակցության և կորպորատիվ ծառայությունների բաժնի տնօրեն, Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի գլխավոր քարտուղար պարոն Պարոն Քենեթ ՎՈՆԳ Կվոկ Հանգի և դեպարտամենտի ղեկավար աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, խնդիրները ու հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր մեխանիզմերը, այդ թվում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների և մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրերի իրականացումը:
Հանձնաժողովի Համագործակցության և կորպորատիվ ծառայությունների բաժինի տնօրեն Քենեթ ՎՈՆԳ Կվոկ Հանգը կարևորեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության զարգացումը, այդ թվում այդ համագործակցության շրջանակներում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների և մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրերի կազմակերպումը Հոնկոնգի հակակոռուպցիոն միջազգային ակադեմիայի կողմից:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություններին վերաբերող այլ հարցեր ևս, որոնց մասին առավել մանրամասներ հայկական կողմը կներկայացնի առաջիկայում: Երկկողմ համագործակցությունը համակարգային հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը դիտարկեցին առաջիկայում փոխըմբռման հուշագրի ստորագրման հնարավորությունը:
Այնուհետև Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը աշխատանքային հանդիպումներ ունեցան նաև Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի հակազդման (օպերատիվ) բաժանմունքի Կառավարման սեկտորի նախաքննությունների գծով տնօրեն պարոն Մակ Ուեյ-Կեունգի, Մասնավոր սեկտորի նախաքննությունների գծով տնօրեն պարոն Չոյ Շու Կեունգի, Համայնքային կապերի դեպարտամենտի տնօրենի համայնքային հարցերով օգնական տիկին Էվալինա Հաու-Վանի հետ:
Մինչ այդ հայկական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպում էին ունեցել նաև Հոնկոնգի հակակոռուպցիոն միջազգային ակադեմիայի միջազգային ուսուցման հարցերով տնօրենի տեղակալ պարոն Չան Չուկ-Հոյի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա հնարավոր համագործակցության մանրամասները, փոխանակվել կառույցների խորհրդանիշ-հուշանվերներով։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին, մեկնարկել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված է մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել է մարմնի և հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։
Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։