Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ քաղաքում Գյումրի տեղի ունեցավ դասընթաց Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դասընթացը մեկնարկեց մասնակիցների և արշավի փորձագետների ողջույնի խոսքով և փորձի փոխանակմամբ։ Ապա, փորձագետների կողմից ներկայացվեց azdararir.am ազդարարման միասնական հարթակը, դրա գործարկման կանոնները, ինչպես նաև խոսվեց գաղտնիության և անանունության պաշտպանության և համակարգի օրենսդրական կարգավորումների մասին ։
Այնուհետև, գործնական հմտությունների զարգացման նպատակով, մասնակիցները իրավիճակային խնդիրների ու իրական դեպքերի հիման վրա կատարեցին գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում բարձրացվեցին համակարգի զարգացմանը խոչընդոտող իրենց համայնքում առկա խնդիրները։
Հիշեցնենք, որ դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Այս դասընթացին նախորդել են համանման ուսուցումներ Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Արմավիրում, Հրազդանում և Արարատում։
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։