«Առաջին խնդիրն այն է, որ կարողանամ իմ սեփականության իրավունքները վերականգնեմ»․ տեղահանված Գրենիկ Գրիգորյանը՝ խնդիրների մասին

«Որ գյուղից դուրս եկանք, գյուղապետն ինձ կանչեց, ասաց՝ Գրենիկ ջան, ում ասում եմ՝ «վիզ չի վերցնում», գյուղում մի ավտոբուս կա, շատերը մեքենա չունեն։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան ժողովրդին հավաքեցի եկանք»,-այս մասին ասաց օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Գրենիկ Գրիգորյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտ հասնելուն պես, ադրբեջանցիները խուզարկել են իր անձնական մեքենան, որում եղել է իր ընտանիքը։

«Մեքենայից հանեցին, քցեցին համակարգիչը, տան փաստաթղթերը, վկայականները, աղջկաս դիպլոմը, պլանշետը։ Հիմա եկել եմ, դիմել եմ Չարենցավանի կադաստրին, ասում է՝ ձեր Ղարաբաղի տվյալների բազան չկա այստեղ։ Հիմա իմ առաջին խնդիրն այն է, որ կարողանամ իմ սեփականության իրավունքները վերականգնեմ։ Մի մասի պատճենների նկարները կան, բայց հիմնական մասը չկա։ Եթե հնարավորություն լինի․․․չգիտեմ»,-նշեց նա։

Մասնագիտությամբ գյուղատնտես Գրենիկ Գրիգորյանն ասաց, որ հիմա որևէ զբաղվածություն չունի Հայաստանում․ «Ներկա պահին այստեղ համապատասխան աշխատանք եմ փնտրում»։

Նա նշեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները չեն ստացել 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը։

«Մի քանի անգամ գնացել եմ սոցապ, պարզաբանել են, որ կստանանք, մոտ օրերս կստանանք»,նշեց Գրենիկ Գրիգորյանը։

————————

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։

Մանրամասները՝ տեսանյութում։