Սույն թվականի մարտի 12-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) հիմնադիր համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը, Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Մարիամ Ավագյանը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը, «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ գործադիր տնօրեն Դավիթ Եղիազարյանը, «Կումայրի» արցախահայերի ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտավազդ Խանդոյանը, նույն կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Չոմոյանը, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Ալլա Արզումանյանը, «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ-ի նախագահ Արազ Բաղդասարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը,: Համաժողովին հեռավար եղանակով մասնակցում էին նաև «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը, «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ալվինա Ներսեսյանը, նույն կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը և Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի նախագահ Իրինա Գրիգորյանը: Համաժողովին ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։ Համաժողովին մասնակցում էր նաև Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մաշա Չիչտչենկովան:
Համաժողովի ընթացքում հիմնադրվեց Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը, ստորագրվեց Ցանցի հիմնադիր Հռչակագիրը և հաստատվեց Ցանցի կանոնակարգը: Այնուհետև Ցանցի հիմնադիր անդամներից ձևավորվեց Ցանցի 12 հոգիանոց կազմով կառավարման խորհուրդը: Ցանցի հիմնադիր համաժողովի ավարտին մասնակիցները քննարկեցին և վեր հանեցին արցախահայերի հիմնական խնդիրները։
Ցանցի հիմնադիր համաժողովի ավարտից հետո գումարվեց Ցանցի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում պատկան և այլ շահագրգիռ կառույցների հետ Ցանցի կառավարման խորհրդի աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև արցախահայերի տեղակայման վայրեր այցելության հետ կապված հարցերը: Ցանցի կառավարման խորհրդի կողմից միաձայն քվեարկությամբ Ցանցի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Համաձայն Ցանցի կանոնակարգի Ցանցի քարտուղարության ֆունկցիաները առաջիկայում կիրականացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (Juremonia) ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: