Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի հրավերով ներկա է գտնվել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
ՍԴ նախագահը, ողջունելով հյուրերին, իր խոսքում ամփոփել է Բարձր դատարանի 2023 թվականի գործունեությունը։
Արման Դիլանյանը նշել է, որ 2023 թվականը, լինելով բարդ և ծանրաբեռնված տարի, Սահմանադրական դատարանի համար նշանավորվել է սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների տեսանելի զարգացմամբ:
«Սահմանադրական մշակույթը միայն Սահմանադրությունն իմանալը չէ, դա նաև Սահմանադրությունը հարգելն է, պաշտպանելն ու պահպանելը, ապահովելն ու քարոզելը, դրա հրամայականներն իրականացնելը: Սա ժողովրդավարական պետությանն ուղեկցող մշտական գործընթաց է՝ իրավունքը գաղափարախոսության, իսկ գաղափարախոսությունն իրավունքի դրույթների վերածելու մասին»,- իր խոսքում նշել է ՍԴ նախագահը։
Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։
1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին նշանակվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։ Սահմանադրությամբ իրենց վերապահված մանդատի բերումով սահմանադրական դատարաններն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, մեծ դեր ունեն հանրային-հասարակական փոխհարաբերությունների հավասարակշռման ու զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգերի առարկայացման գործում։