Այսօր՝ հունվարի 30-ին, կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումը։
Ֆորումն կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը բացման խոսքի ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշել է, որ, կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուներից գլխավորը հակակոռուպցիոն կրթությունն է։ Երկրները, որոնք հաղթահարել են կոռուպցիան, կարևոր տեղ են տվել կրթությանը։
«Եթե կա քաղաքական կամք, բայց չկա ժողովրդի աջակցությունը, այդ երկրները ձախողում են հակակոռուպցիոն պայքարում։ Մեր խնդիրն է հակակոռուպցիոն կրթությունը դարձնել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում և գործունեությունում կարևոր»,-նշել է Կարեն Զադոյանը։
ԻՀԱ նախագահի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության ասպեկտն այնքան էլ հասկացված չէ և միջոցառումը հենց այդ խնդիրները վերհանելուն, դրանք հասկանալուն է ուղղված։
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության հիմնական և գերակա ուղղություններից մեկն է։ Ըստ նրա՝ 2023թ-ի հոկտեմբերին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան՝ հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկմանը մեծ տեղ է տրվել։
«Նախկին շրջափուլերի գնահատման արդյունքում վեր են հանվել խնդրահարույց հարցեր։ Վերլուծության արդյունքներով նոր ժամանակահատվածի համար գերակայությունները դասավորվում են։ Նոր ռազմավարության այս ուղղությունները բավականին հավակնոտ են, բազմաշերտ և բովանդակային առումով՝ լայն»,-նշել է փոխնախարարը։
Կարեն Կարապետյանն այս լրջագույն և դժվար աշխատանքների ճանապարհին հատուկ ընդգծեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը, որոնք մասնակցել են ինչպես նախորդ, այնպես էլ ընդունված վերջին Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, ԵՄ-ի կողմից է ֆինանասավորվող «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը՝ ընդգծելով միջոցառմանը մասնակիցների մեծ թվով մասնակցությունը և նրանց հետաքրքրությունը քննարկվող հարցերին, նշել է, որ միայն նման համագործակցության շնորհիվ կարելի է արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիտսակեսյանը ողջունել է ներկաներին ու նշել, որ նման ֆորումի անցկացումը նոր ազդակ է կառավարություն-քաղաքացիական հասարակություն առողջ, կառուցողական երկխոսության համար։ Նա ընդգծել է նաև, որ նման ֆորումի անցկացումը համապաստախանում է նաև Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած հանձնառություններին։ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին մանկահասակ տարիքից պետք է սովորի, թե ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի դեմ։ Հանրապետությունում պետք է մշակույթ ձևավորվի։
ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են ռազմավարությամբ սահմանված գործողությունների ներկայացման, գործողությունների պլանավորման, մշակման և իրականացման հարցերում մասնագիտական ՔՀԿ-ների ներգրավման անհրաժեշտության, գործողությունների կատարման ընթացքի մասին։
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը նշել է, որ նախատեսում են դպրոցներում հիմնել հակակոռուպցիոն ակումբներ, բուհերում՝ լաբարատորիաներ։ Նրա խոսքով՝ դրանք հնարավորություն կտան իրականացնել ոչ ֆորմալ հակակոռուպցիոն փորձաքննություններ և աջակցել տարբեր վերլուծությունների իրականացմանը։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը շատ կարևոր է այս պարագայում, քանի որ մարմինն է հանդիսանում կոռուպցիայի կանխարգելման մարմիններից մեկը։ Այս ուղղությամբ կարևոր է վերջինիս կարողությունների զարգացումը ոլորտում։ Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ միասնական կարգավորումներ մշակել, զարգացնել քաղհասարակության ներկայացուցիչների կարողությունները ոչ ֆորմալ կրթության, իրազեկման ծրագրերի իրականացման համար»,-նշել է Լառա Պետրոսյանը՝ հավելելով, որ մշակվել է նաև հաղորդակցման պլան։
Նրա խոսքով՝ այդ պլանի իրականացման մեջ քաղհասարակության ներկայացուցիչների ներդրումը չափազանց կարևոր է։ Պետրոսյանը կարևորել է նաև համագործակցության հարթակի ստեղծման կարևորությունը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը խոսել է ԵՄ-ի Թվինինգ ծրագրի մասին, որը մեկնարկել է 2022 թվականին, և կավարտվի այս տարվա մայիս ամսին։ Ծրագրի առաջին կոմպոնենտը ամբողջությամբ նվիրված է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման աշխատանքներին։
«Կատարված աշխատանքների վերաբերյալ․ իրազեկման արշավներ են իրականացվել ծնողների և մանկավարժների շրջանում, որին մասնակցել է 500-ից ավելի անձ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Բաց է մնացել միայն Սյունիքի մարզը, այս տարի այնտեղ նույնպես կլինենք»,-նշել է Աննա Մանուկյանը։
ԿԿՀ աշխատանքների վերաբերյալ խոսել է նաև հանձնաժողովի կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը։
Նա հայտնել է, որ հանձնաժողովն առաջարկել է հակակոռուպցիոն կրթությունը ներդնել տարբեր առարկաների շրջանակներում՝ սկսած 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայից մինչև 12-րդ դասարան՝ «Հասարակագիտություն»․ «Յուրաքանչյուր առարկայի շրջանակում կներդրվեն հենց իր բովանդակությանը համապատասխան նյութեր»։
Նա նշել է նաև, որ մշակվել է կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության մեթոդոլոգիան։ Այդպիսի ուսումնասիրություններ նախկինում իրականացվել են, Համաշխարհային բանկը հայտնել է, որ հարցաշարն ամբողջությամբ կարող է տրամադրել ԿԿՀ-ին։ Հանձնաժողովը պատրաստվում է կիրառել այդ հարցաշարը, մեթոդոլոգիան, սակայն եթե չստացվի, նրանք կարող են փոխել այն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար շատ կարևոր է հասարակության լայն շերտերի համագործակցությունը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հակոբ Քնաջյանի խոսքով՝ կարևոր է ունենալ կրթության ոլորտում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման միասնական մոտեցում, որի շնորհիվ հնարավոր կլինի նախադպրոցական կրթական ծրագրից մինչև հետբուհական կրթություն հասկանալ՝ ինչ է հասկանում պետությունը «կոռուպցիա» ասելով․ «Շատ կարևոր է ունենալ իրավական ակտ, որը հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մասով կարգավորումներ կսահմանի և այլ իրավական ակտերի հետ հակասության մեջ չի լինի»։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկները քննարկվող հարցերի վերաբերյալ։ Նա նշել է, որ նախկինում հակակոռուպցիոն կրթությանը և հանրային իրազեկմանը ավելի քիչ տեղ էր հատկացվում, քան կանխարգելմանը, անպատժելիության մթնոլորտի հաստատմանը։
«Այդ տեսանկյունից 5-րդ ռազմավարության մշակման ընթացքը բավականին օրինակելի և մասնակցային է եղել։ Հակակոռուպցիոն կրթությունը և հանրային իրազեկումը բավականին լուրջ հիմքերի վրա են դրվել։ Առաջինը, որ այստեղ պետք է առանձնացնեմ, դա հենց հանրակրթական, բուհերում կատարվող աշխատանքների ծավալն է»,-նշել է Սյուզաննա Սողոմոնյանը։
Փորձագետը ներկայացրել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի փորձը՝ հավելելով, որ դպրոցի ունկնդիրները հիմա աշխատում են պետական տարբեր համակարգերում, ՏԻՄ-երում, ու իրենց ստացած գիտելիքներն օգտագործում են իրենց աշխատանքում։
Սյուզաննա Սողոմոնյանը հայտնել է, որ դպրոցի վերջին՝ 9-րդ հոսքի ուսումնառությունը այլ ձևաչափով է անցկացվել։ Ունկնդիրները 2 ամիսների ընթացքում, այցելել են շուրջ 2 տասնյակ պետական մարմիններ, վարպետաց դասեր են ունեցել ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Դպրոցում ուսուցումն իրականացվել է 5 փուլերով. առցանց, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների, հանրային իրազեկման, խորացված և եզրափակիչ փուլերով․ «Սա ազդելու է ոչ միայն հանրության կրթության մակարդակի բարձացման վրա, այլ այդ ներուժը և պոտենցիալն օգտագործվելու է ի շահ հանրապետությունում տարվող հակակոռուպցիոն պայքարի»,-մանրամասնել է Սողոմոնյանը։
Այնուհետև ներկաները կիսվել են իրենց մտահոգություններով, հարց ուղղել համապատասխան ոլորտները համակարգող կառույցների ներկայացուցիչներին և քննարկել ռազմավարությամբ ներկայացված գործողությունները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն կրթությանը և հանրային իրազեկմանը։
ՔԿՀ ներկայացուցիչները խոսել են դպրոցներում առկա խնդիրների մասին, օրինակ՝ մանկավարժներին նյութական «շնորհակալություն հայտնելու» մշակույթի, ինչպես նաև տնօրենների ընտրության կարգում առկա խնդիրների մասին։ Առաջարկներ են հնչել նաև սոցիալական գովազդներ ստեղծելո անրաժեշտության, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Ֆորմալ կրթության շրջանակներում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրման մասին խոսել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը։
Նրա խոսքով՝ 5-6 տարեկան երեխաների, այսինքն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծրագրերում էթիկայի և բարեվարքության վերաբերյալ թեմաներ են ներդրվելու։
Մանկավարժները, որոնք աշխատելու են երեխաների հետ, վերապատրաստվելու են և կարողանալու են գնահատել հակակոռուպցիոն ոլորտում պետության քաղաքականությունը և այն փոխանցելու մանկապարտեզում սովորող երեխաներին, այնուհետև՝ դպրոցականներին և ուսանողներին։
«Բացի այդ, գիտական ծրագրերի ֆինանսավորումը, արտասահմանյան բուհերում սովորելու համար կրթաթոշակների տրմանադրումը, լաբարատորիաների բացումը նախատեսված է ընդունված ռազմավարությամբ։ Մասնագետներ կպատրաստենք բուհերում, որոնք հակակոռուպցիոն ոլորտում կսկսեն աշխատել»,-նշել է Հակոբ Քնաջյանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ֆորմալ կրթությանը, նշել է, որ կարևոր են գիտական, մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ փոփոխությունները, որոնք ընդունվել են ռազմավարությամբ։
Փորձագետը կարևորել է նաև բուհերում դասախոսների վերապատրաստումները, ինչպես նաև տարվող աշխատանքների մեթոդաբանությունը․ «Կոչ եմ անում, հորդորում եմ, որպեսզի այս բոլոր փաստաթղթերը հանրային քննարկման ներկայացվեն, այդպես ընդունվեն»։
Թեմայի վերաբերյալ ներկաները կիսվել են իրենց տպավորություններով, կարծիքներով և մտահոգություններով։ Ֆորումի մասնակիցները կարևորել են նաև ընթացող գործընթացներին ՔՀԿ-ների մասնակցությունը և ներգրավվածությունը։
Հարկ է նաև նշել, որ ֆորումի ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկները կհավաքագրվեն և կներկայացվեն պատկան մարմիններին՝ առաջիկա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ մի շարք ՀՀ պետական մարմիններից, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Բուլղարիայի դեսպանության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հանրային հեռարձակողի խորհրդի, Կրթության տեսչական մարմնի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային կազմակերպության, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի, ԵՄ Թվինինգ ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի, ԵԽ երևանյան գրասենյակի և մի շարք ՔՀԿ-ների։
Մանրամասները՝ տեսանյութերում