Կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերի 28-ի նիստին որոշում է ընդունել, որի համաձայն՝ վերանայվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի համաձայն, այսուհետ Հայաստանի բոլոր պոտենցիալ շահառու կենսաթոշակառուները և նպաստառուները (516.000) նրանց սպասարկող բոլոր բանկերի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դիմաց կստանան 10 տոկոս հետվճար, բայց ոչ ավել քան 5.000 ՀՀ դրամը:
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատվել է Կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 723-Լ որոշմամբ, իսկ իրականացման կարգը՝ Կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշմամբ։
Մինչ այժմ, անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար ստանալու հնարավորություն ունեին ՀՀ-ում գործող մի քանի բանկեր։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարությամբ էր հանդես եկել հայտարարությամբ՝ նշելով որոշման թերի կողմերն ու բացթողումները, իսկ Կոալիցիայի անդամ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը առաջարկություններ էր ներկայացրել համակարգի վերաբերյալ, մի շարք դիմումներ հասցեագրել ՀՀ վարչապետին, դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ նշված որոշումների հակասահմանադրականության քննարկման խնդրով։
«Այս որոշմամբ վերջապես վերացվեց դրա նախկին խմբագրության հակասահամանդրականությունը՝ խտրականության բացառման և հավասարության ապահովման առումով, ինչի մասին մենք բարձարաձայնել էինք 1.5 տարի շարունակ՝ նշելով որ այդ որոշման իրավակարգավորումներից օգտվում են միայն ծրագրին միացած սոսկ 4, ապա ևս 2 բանկերի քարտապանների՝ շուրջ 70-80 հազար կենսաթոշաառուներ և նպաստառուներ: Հատկանշական է, որ կառավարության նիստում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ դեռ կանդրադառնան այն բանկերին, որոնք չէին միացել կառավարության այս կարևորագույն սոցիալական ծրագրին՝ իմանալու նրանց չմիանալու հիմնավորումները և ըստ այդմ որոշելու նրանց հետ հետագա համագործակցության շարունակումը»,-նշում է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ այս խնդրին զուգահեռ չլուծվեց քննարկվող որոշման բաղադրիչներից որոշները,
- բացի POS տերմինալներով և բանկերի համակարգերով այլ վճարային համակարգերով՝ ԱռՔա և այլն, անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի մեխանիզմի չկիրառումը,
- կոմունալ-կենցաղային կարևորագույն այնպիսի ծախսերի, որոնք կազմում են ՀՀ քաղաքացու նվազագույն ամենօրյա ծախսերի բաղադրիչը, ինչիպիսիք են ինտերնետ ծառայությունները, հարկային պարտավորությունների, տուգանքների վճարումը, դոմոֆոնների համար վճարումները և այլն, դիմաց անկանխիկ վճարումների համար 10 տոկոս հետվճարի չկատարումը:
«Այս խնդիրները կարիք ունեն օրենսդրական կարգավորման, ինչի մասին ահազանգել ենք ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ կենտրոնական բանկին, և ներկայացրել ենք համապատասխան օրինագծեր օրենքների մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, սակայն կառավարության այսօրվա նիստում դեռևս արձագանք չկար: Հուսով ենք, որ այդ իրավական կոլիզիաներն էլ կվերացվեն առաջիկա 2-3 ամսում»,-նշում է Մովսես Արիստակեսյանը։