«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,
Ամենայն հարգանքով և պատասխանատվությամբ, ձեզ եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ նաև՝ ԻՀԱ) գործունեության 2022թ.-ի տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որտեղ ներառված են կառույցի գործունեության, հաշվետու ժամանակահատվածում իրականացված և ընթացիկ ծրագրերի, կազմակերպված քննարկումների, մշակած փորձագիտական զեկույցների, տարեկան ֆինանսական արդյունքների հակիրճ նկարագրերը:
Այս տարի ևս կառույցը շարունակել է իր հիմնական գործունեությունը՝ նպաստելով հանրային քաղաքականությունների մշակմանը, փոփոխմանը և ընդունմանը արդարադատության, իրավունքի գերակայության, լավ կառավարման տարբեր ոլորտներում, առանձնակի ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների պաշտպանությանը, սահմանադրական, հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումներին։
Շեշտադրելով կառույցի գործունեության թափանցիկությունը, բարեվարքության, բարեխղճության սկզբունքների պահպանումը գործընկերների և այլ շահառուների առջև, մենք յուրաքանչյուր տարի հանրայնացնում ենք կազմակերպության գործունեությունը ներկայացնող հաշվետվությունը։
Հարգանքով և լավագույն բարեմաղթանքներով՝
Կարեն Զադոյան
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում: Իր գործունեության ընթացքում մշտապես վայելել է հասարակության վստահությունը և հանդիսացել է վստահելի գործընկեր իր համախոհների շրջանում։ Ունենալով սահմանված արժեքներ, առաքելություն, տեսլական, մշակած ռազմավարական գործողությունների պլան և առաջնորդվելով դրանցով՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված կանոնադրական նպատակները, հնարավորինս օժանդակում իր գործունեության ոլորտներում առկա մարտահրավերների և խնդիրների լուծմանը։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են
- Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը,
- մարդու իրավունքների, ներառյալ՝ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը,
- արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական, դատական և այլ թիրախային ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը,
- իրավաբանների և երիտասարդների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։
ԻՀԱ-ն հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, որոնց շարքը մշտապես ընդլայնվում է։ ԻՀԱ-ն ունի կենտրոնական գրասենյակ և 3 մասնաճյուղեր՝ Երևանում, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավվում են մարզային կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, արդյունքում՝ ԻՀԱ իրականացրած ծրագրերի ազդեցությունը առավել մեծամասշտաբ և ընդգրկուն է դառնում:
ԻՀԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի օգտատերերն են հանդիսանում ոչ միայն Երևանի, այլև մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք, որոնք հետաքրքրված եմ իրավունքով։
Կազմակերպությունը մեծ տեղ է հատկացնում տեխնոլոգիական գործիքների կիրառմանը։ ԻՀԱ-ն գործարկում է երկլեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/։ Հանդիսանալով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ նաև՝ Կոալիցիա) քարտուղարության համակարգողը, ԻՀԱ-ն գործարկում է Կոալիցիայի պաշտոնական կայքը՝ http://aac.am/, ապահովում է Կոալիցիայի գործունեության բնականոն ընթացքը, փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Կոալիցիային, հետևողականորեն լուսաբանում է Կոալիցիայի իրականացրած գործունեությունը, ապահովում գործունեության արդյունքների հրապարակայնությունը։
Բացի վերը նշվածներից, ԻՀԱ-ն հասցրել է ստեղծել նաև էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ https://elearning.armla.am/, որն էլ հաջողությամբ շարունակում է գործարկվել մեր շահառուների կողմից։ Հարթակը նաև ունի առանձին բաժին, որը ներառում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ուսումնական բաղադրիչը՝ հիմնական և խորացված փուլերով։
2022թ.-ին, ինչպես նախորդ տարիներին, հասանելիության բարձր ցուցանիշներով անկախ մասնագիտական լրատվական կայքը՝ www.iravaban.net շարունակել է գործել հասանելիության բարձր ցուցանիշներով ։ Կայքը երկլեզու է, հասանելի է և՛ հայերեն և՛ անգլերեն լեզուներով, հասանելի է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ ունի ավելի քան 270.000 հետևորդ: Բացի վերոնշյալ կայքը, ակտիվ կերպով շարունակում է գործել bizprotect.am ազդարարման հարթակը, որում էլ անանուն կերպով հաղորդումներ են ներկայացվում բիզնես ոլորտում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի և այլ իրավախախտումների վերաբերյալ, իսկ ԻՀԱ-ն ապահովում է դրանց հասցեագրումը իրավասու մարմիններին։
ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
ԻՀԱ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:
ԻՀԱ-ի արժեքներն են՝ բարեվարքությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, առաջնորդությունը, ազնվությունը, թափանցիկությունը, նորարարությունը, թիմային ոգին, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:
ԻՀԱ-ի թիմը հաջողության հիմնաքարն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի կայացման և զարգացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն հընթացս կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ազգային, կրթական և մասնագիտական արժեքների բարձրացմանը: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
ԻՀԱ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիր
Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է ԻՀԱ-ի կողմից` գործընկերներ` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 48 ամիս է, և ընդգրկում է 2022թ-ի դեկտեմբերի 8-ից մինչև 2026թ.-ի դեկտեմբեր 7-ը ընկած ժամանակահատվածը:
Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմանը: Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, սոցիալական ոլորտը և գյուղատնտեսությունը:
«Աջակցություն ԲԿԳ 5-րդ Գործողությունների ծրագրի համաստեղծման գործընթացին» ծրագիրը
ԻՀԱ-ն իր մասնակցությունն է ունեցել և աջակցությունն է ցուցաբերել նաև 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծման գործում։ 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Բաց կառավարման գործընկերության կողմից:
Ծրագրի նպատակն էր՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և ոլորտային իրավասու պետական մարմինների հետ քննարկումների միջոցով աջակցել գալիք երկու տարիների գործողությունների ցանկի, թիրախային ոլորտների, անհրաժեշտ գործողությունների սահմանմանը:
Քննարկումները ծավալվել են կրթության, սոցիալական, պետական գնումների, առողջապահության և արդարադատության ոլորտների շուրջ: Մշակվել է ԲԿԳ գործողությունների ծրագրերի մշակման և առաջնահերթությունների չափանիշների որոշման կարգը։
Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի․ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսք
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի թվով 8-րդ հոսքի ծրագիրը, որը կազմակերպվեց ԻՀԱ-ի կողմից՝ Կոալիցիայի հետ համագործակցությամբ։ Բազմաթիվ դիմորդներից, որոնք եղել են թե՛ Երևանից, և թե՛ մարզերից, ընտրվել են 35-ը։ Ծրագիրն իրականացվել է հիբրիդային ձևաչափով՝ ներառելով առցանց և դեմ առ դեմ եղանակները։ Դասընթացները կազմված են եղել 5 փուլերից, որոնք էլ բացի հիմնական և խորացված փուլերից ներառել են նաև գործնական գիտելիքների զարգացումը՝ պատկան մարմիններ այցելությունների, հրավիրյալ դասախոսներին ունկնդրելու համատեքստում, ուսանողների կողմից դասերի անցկացումը դպրոցներում, համայնքներում։
Դասընթացի հիմնական թեմաները վերաբերել են ՀՀ 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին, կոռուպցիայի կանխարգելմանը, հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկմանը և այդ իրազեկման շնորհիվ հասարակության ներգրավմանը կոռուպցիայի դեմ պայքարում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին, միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնություններին և փաստաթղթերին, հանրային և մասնավոր ոլորտների բարեվարքությանը, կոռուպցիայի հակազդմանը, ազդարարման համակարգին և այլն։ Հավելենք նաև, որ վերջինիս շրջանակներում իրականացվող քննարկումներից անմասն չեն մնացել այնպիսի առանցքային նշանակության թեմաներ, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունների, իրավական փաստաթղթերի, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա փուլերի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման, մոնիթորինգի և գնահատման մասին թեմաները։ Ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի ծրագիրն ամփոփվել է դեկտեմբերի 9-ին՝ հակակոռուպցիոն միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որի ընթացքում էլ մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած ավարտական աշխատանքներն ու ստացել հավաստագրերը։
ԻՀԱ- ներկայացուցիչը ընտրվել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ
2022 թվականի փետրվարին ԻՀԱ խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը ընտրվել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ և հանդիսանում է չորս հիմնական անդամներից մեկը։
Հարթակը ստեղծվել է ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ-ի 366-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ, կազմված է Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, արհմիությունների և գործատուների միության ներկայացուցիչներից, Դրա հանդիպումներն անցկացվում են դրա կողմից սահմանված պարբերականությամբ:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում
2022 թ․-ին ԻՀԱ-ն Կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում: Կատարվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմիններ, մասնագիտացված ՔՀԿ-ներ և ոլորտային փորձագետներ, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։ Մշտադիտարկման կատարման համար նաև իրականացվել են տեղեկատվության հարցումներ համապատասխան պետական գերատեսչություններից, ուսումնասիրվել են առկա փաստաթղթերը, մոնիթորինգային զեկույցները։
Զեկույցի առաջին նախագիծը ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում, որը կարող եք գտնել այստեղ։
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թթ․ կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում
Հաշվետու ժամանակահատվածում ԻՀԱ-ն իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում:
Իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։
Զեկույցի առաջին նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի մարտի 15-ից։ Այն նաև ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հասարակական մշտադիտարկման զեկույցների շնորհանդեսներ
2022 թվականի հունիսի 14-ին կայացավ մասնակցային եղանակով մշակած ՀՀ դատական և իրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցների ներկայացման շնորհանդեսը, որին մասնակցեցին շուրջ 50 ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, իրավաբաններ, փաստաբաններ և այլն։ Շնորհանդեսի վերաբերյալ ավելի մանրամասն այստեղ։
«Փաստաբանություն․ ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» ամենամյա հանրապետական գիտաժողով
ԻՀԱ-ն հավատարիմ մնալով իր գործունեության, 2022 թվականի հոկտեմբերի 18-ին կազմակերպեց Փաստաբանության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում արդեն 11-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը։ Գիտաժողովի մասնակիցները երկու փուլով՝ գրավոր և բանավոր ձևաչափով ներկայացրեցին իրենց աշխատանքները։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 4 զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցել բանավոր փուլին։ Ըստ այդմ՝ բանավոր փուլի ժամանակ ներկայացվեց 4 զեկույց։ Գիտաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԻՀԱ–Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2022 | ||
Հազ. | ||
Աշխատանքի վճարման ծախսեր,սոցիալ.ապահովագր.վճարներ | 14,896.5 | |
Հիմ.միջ.և ոչ նյութական ակտիվների մաշվածություն (ամորտիզացիա),դրանց նորոգման և սպաս.ծախսեր | 13,035.3 | |
Գործուղման և ներկայացուցչական ծախսեր | 3.5 | |
Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր | 2.5 | |
Գրասենյակային և կոմունալ ծախսեր | 4,327.4 | |
Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր | 120.8 | |
Բանկային ծառայություն.ծախսեր,ապահովության ծախսեր | 68.4 | |
Չփոխհատուցվող հարկերից ծախսեր | 293 | |
Վարչական այլ ծախսեր | 1,620 | |
Ծրագրային ծախսեր | 33,121.8 | |
Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ) | 22.8 | |
Ընդամենը | 67,511.9 |
ԻՀԱ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
Անուն, Ազգանուն | Պաշտոն |
Կարեն Զադոյան | ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
Արփինե Եղիկյան | ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
Մարատ Ատովմյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Զարուհի Հարությունյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Կարեն Քոչարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի երևանյան մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Թեժ գիծ՝ 0 8000 11 10 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 Հեռապատճե (374 322) 2 23 17 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 Հեռախոս (374 312) 5 82 36 Հեռապատճե (374 312) 5 82 36 էլ. փոստ [email protected]
|