2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ
Սիրով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2005 թվականի գործունեության հաշվետվությունը: Արդեն տաս տարի է, որ ՀԵԻԱ-ն իր ուրույն դերակատարումն ունի Հայաստանի հասարակական կյանքում` իրականացնելով իր առաքելությունը իր ապագայի մտապատկերին հասնելու համար: Եվ վերջին տարիներին մենք ավանդաբար տպագրում ենք մեր տարեկան հաշվետվությունը, որը բավականին կարևոր նշանակություն ունի մեր գործունեության լուսաբանման, շահառուների ու գործընկերների իրազեկման, ինչպես նաև հաշվետվողականության ապահովման գործում, իսկ վերջինս, գաղտնիք չէ, որ կարևորագույն գործոն է կայուն ու կայացած հասարակական կազմակերպության ձևավորման ճանապարհին: Այսօր քաղաքակիրթ հասարակությանը բնորոշ կարևոր ու, թերևս, ամենաէական բնութագրիչներից է բարձր իրավագիտակցությունը: Սակայն վերջին տարիների հետազոտությունները, ինչպես նաև ՀԵԻԱ-ի դիտարկումներն ու ուսումնասիրությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ իրավագիտակցության և իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը այսօր Հայաստանի հասարակության ամենաառաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որի ուղղությամբ տարվող աշխատանքները ՀԵԻԱ-ի գործունության գերակա ուղիներից է: 2005-ին այս ուղղությամբ հնարավոր եղավ բավականին աշխատանքներ կատարել և պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջիններս ունեցան իրենց դրական արդյունքները: Մեր գործունեության ռազմավարության իրականացման համատեքստում 2005-ը բավականին արդյունավետ էր նաև նոր սերնդի իրավաբանների վերապատրաստման և նրանց մասնագիտական որակի բարելավման տեսակետից: Այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքները նոր ավանդույթների ձևավորման հիմք հանդիսացան, մասնավորապես, ՀԵԻԱ-ն, համատեղելով իր գործընկերների ու համախոհների ջանքերը, կազմակերպեց հանրապետական նշանակության իրավաբանական գիտաժողովներ, միջազգային նշանակության դատախաղ, մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքեր, որոնք, անշուշտ, ունեցան իրենց ներդրումը նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կայացման գործում: Հարկ եմ համարում նաև նշել, որ 2005-ը կարևորվեց ՀԵԻԱ-ի համար նոր գործընկերների հետ համագործակցության հաստատման հարցում և սկիզբ հանդիսացավ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների համար: Հուսով եմ, որ 2005 թվականի տարեկան հաշվետվությունը համապարփակ կերպով ներկայացնում է մեր գործունեությունը և պարունակում է այն բոլոր տվյալներն ու տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է:
Վերջում անկեղծորեն իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀԵԻԱ-ի բոլոր անդամներին ու աշխատակազմին, համախոհներին ու գործընկերներին, և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ուղեկցել ու աջակցել են մեզ:
Հավաստիացնում եմ, որ ՀԵԻԱ-ն կշարունակի աշխատել նույն ոգով` անվերապահորեն իրականացնելու իր առաքելությունը և իր նպաստը բերելու Հայաստանում իրավունքի գերակայության ու քաղաքացիական հասարակության հաստատման գործին:
Հարգանոք

Կարեն Զադոյան,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Վերջին տարիներին հասարակության առջև ծառացած մի շարք կարևորագույն խնդիրների անհապաղ լուծման գիտակցումը հիմք հանդիսացավ մի խումբ երիտասարդ իրավաբանների համար 1995 թվականին դնելու Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հիմքերը: Հիմնադրման իսկ պահից կազմակերպությունը հստակորեն սահմանեց այն առաջնային գործողությունները, որոնք իրագործվելու էին կազմակերպության կողմից` նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի կայացմանը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, նպաստել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ու քաղաքացիական հասարակության կայացմանը: Արդեն տասնամյա գործունեությունը հանդիսանում է այն բանի վկայությունը, որ այս կառույցը կայացել է որպես հասարակական դաշտի առաջամարտիկ, որ անվերապահորեն աշխատում է իր առաքելության շրջանակներում և իր ապագայի պատկերի ուղղությամբ:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղությունները հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:
ՀԵԻԱ-ն այժմ ունի 8 գրասենյակներ Հայաստանի 6 մարզերում, որոնք կառույցի ծառայությունները մատչելի են դարձնում նաև Հայաստանի մարզերի բնակիչների համար: Իրավաբան ուսանողներին ուղղված ծրագրերի արդյունավետության, ՀԵԻԱ գործունեությանը նրանց անմիջական ներգրավվածության բարձրացման և իրավագիտությանը գործնական առումով ավելի հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը` Իրավաբան ուսանողների բաժանմունքը, որը նպատակ ունի նպաստել իրավաբան ուսանողների հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում իրավաբանական կրթության որակի բարձրացմանը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները, ինչպես նաև բոլոր ցանկացողները: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը` www.ayla.am:
Այսպիսով` ՀԵԻԱ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու արժեքներին, համախմբելով իր համախոհների և անդամների ջանքերը, աշխատում է իր նպատակների իրականացման ուղղությամբ և ուրախ է հանրության ուշադրությանը ներկայացնել իր տարեկան հաշվետվությունը, որն օբյեկտիվորեն արտացոլում է ՀԵԻԱ-ի 2005 թվականի գործունեությունն ու ծրագրերը, ֆինանսական հաշվետվություններն ու անկախ աուդիտի եզրակացությունը, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ է պարունակում կազմակերպության մասին:

ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր ստեղծումից ի վեր որդեգրել է հետևյալ արժեքները.
– հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
– իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
– իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ և փաստաբաններ, պաշտպանված մարդու իրավունքներ.
– հզոր հասարակական կազմակերպություններ` ուժեղ քաղաքացիական հասարակություն:
Միշտ հավատարիմ մնալով իր արժեքներին ու առաքելությանը` ապագայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պետք է հանդիսանա Հայաստանի իրավաբանական դաշտում գործող ամենաազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից մեկը, որը կազմված կլինի գիտակից, նոր մտածելակերպի տեր, իրավաբանական մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող համախոհներից:

ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այն կառույցներից է, որտեղ տիրում է թիմային ոգին և նվիրվածությունը: ՀԵԻԱ-ի թիմը կազմում է կազմակերպության կորիզը և բաղկացած է բանիմաց և ճկուն երիտասարդ իրավաբաններից, փաստաբաններից ու այլ մասնագետներից, որոնք կիսում են կազմակերպության առաքելությունն ու արժեքները: ՀԵԻԱ-ի թիմն արդեն տաս տարի անվերապահորեն և մեծ նվիրվածությամբ աշխատում է բնակչության իրավագիտակցության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության, նոր սերնդի իրավաբանների մասնագիտական և հարակից հմտությունների զարգացման, Հայաստանում իրավական մշակույթի ձևավորման ուղղությամբ: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես աշխատում է իր մասնագիտական որակների ու հմտությունների զարգացման ուղղությամբ` հետ չմնալով ժամանակի պահանջներից:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հասարակական կազմակերպությունների պոտենցիալ համագործակցության շրջանակը բավականին լայն է և ընդգրկում է կառույցներ պետական, միջազգային և արտասահմանյան, բիզնեսի և հասարակական սեկտորներից, և այլ կազմակերպություններ: Այսօր հասարակական դաշտի ձևավորման ու կայացման գործում մեծ դերակատարում են ստանձնել բազմաթիվ միջազգային ու արտասահմանյան կառույցներ, որոնք աջակցում են ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին` իրագործելու իրենց նպատակներն ու առաքելությունը, և հնարավոր դարձնում բազմաբնույթ ծրագրերի ու գաղափարների իրականացումը: ՀԵԻԱ-ն իր գործունեության տասը տարիների ընթացքում ձևավորել է համագործակցության բավականին լայն շրջանակ. ՀԵԻԱ-ի գործընկերներն են այսօր գրեթե քառասուն միջազգային և պետական ու մոտ 50 տեղական հասարակական կազմակերպություններ: Գործընկերների հետ համագործակցությունը թերևս հանդիսանում է ՀԵԻԱ-ի ուժեղ կողմերից մեկը, և կազմակերպությունը բարձր է գնահատում այդ հարաբերությունները` մշտապես ամրապնդելով ու ընդլայնելով դրանք: Կարելի է վստահորեն ասել, որ մեր գործընկերները ևս կարևորում են այս համագործակցությունը, որի ապացույցն է գնալով աճող հետաքրքրությունը ՀԵԻԱ-ի և նրա գործունեության վերաբերյալ:
2005-ի ընթացքում ՀԵԻԱ-ն ակտիվ համագործակցություն է ծավալել ՀՀ նախարարությունների և պետական կառույցների հետ` հանրության իրազեկման և վերոնշյալ կառույցների գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով: ՀԵԻԱ-ի ներկայացուցիչները նաև մասնակցություն են ունեցել ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մոնիթորինգի հանձնախմբի “Դատական համակարգ” և “Իրավապահ մարմիններ” աշխատանքային խմբերին:
2005թ.-ի գործունեության ընթացքում ՀԵԻԱ-ի համագործակիցներ են հանդիսացել նաև մի շարք արտասահմանյան ու միջազգային կազմակերպություններ և ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ:

Քորդէյդը (Cordaid) Հոլանդիայում տեղակայված միջազգային զարգացման կազմակերպություն է, որի առաքելության հիմնական դրույթները աղքատության ոչնչացումը, արդարությունն ու խաղաղությունն են: Նրանց գործունեությունն ուղղված է ոտնահարված իրավունքներով և սոցիալ-տնտեսական անարդարության պայմաններում գտնվողներին օգնելուն, քաղաքացիական հասարակութան հաստատմանը:

ՀԵԻԱ-ն 2000թ.-ից համագործակցում է Եվրասիա հիմնադրամի հետ, որը դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կամակերպություն է: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է քաղաքացիական հասարակության, հանրային և տեղական ինքնակառավարման ու մասնավոր ձեռներեցության զարգացմանը: Հիմնադրամի գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգթոնում, իսկ Հայաստանում Հիմնադրամը գործում է սկսած 1995 թվականից:

Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությունը (ICCO), որի հետ ՀԵԻԱ-ն սկսել է համագործակցությունը այս տարի, հիմնադրվել է 1964-ին` նպատակադրվելով աշխատել աշխարհում աղքատության և անարդարության վերացման ուղղությամբ: ICCO-ն իրագործում է ֆինանսավորման գործընթացներ` մարդկանց հնարավորություն տալով ստեղծել արժանավայել կենսապայմաններ:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992թ.-ին: Դեսպանատունը իրականացնում է աջակցության ծրագրեր բաց քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության և տարածաշրջանում կայուն մթնոլորտի հաստատման ուղղությամբ: Դեսպանատունը պատասխանատու է Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև կապերի պահպանման և քաղաքացիներին կոնսուլական ծառայությունների մատուցման համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դաշնային գործակալություն է, որը կառավարում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական և հումանիտար աջակցության ծրագրերը: Համագործակցելով տեղական մասնավոր և ոչ կառավարական կազմակերպությունների հետ` ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է կարիքները և մշակում ռազմավարություն` այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ծրագիրը իրականացվում է ԱՄՆ մասնավոր սեկտորի և կամավորական կազմակերպությունների հետ պայմանագրերի և դրամաշնորհների միջոցով` այն բնագավառներում, որոնք նախատեսված են հայաստանյան առաքելության կողմից: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ներկայացուցչությունը կոչված է հայերի համագործակցությամբ աշխատել` ստեղծելու համար բարգավաճ և կայուն երկիր, որը համապատասխան հնարավորություններ կընձեռի իր քաղաքացիներին:

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Արևելյան եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնությունը(ABA/CEELI) Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ծրագիրն է, որը նպաստում է օրենքի գերակայության հաստատմանը` աջակցելով տարածաշրջանում իրավական բարեփոխումների գործընթացին: Իրավական համակարգերի բարեփոխմամբ CEELI-ն հասանելի է դարձնում ԱՄՆ և Եվրոպայի փորձն ու տեխնիկական աջակցությունը նոր կայացող ժողովրդավարական պետությունների համար: Ծրագիրը հիմնադրվել է 1990թ.-ին, այն ունի 22 ներկայացուցչություն և միավորում է մոտ 5000 դատավորների, իրավաբանների և փաստաբանների:

“Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագիրը” Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության կողմից ֆինանսավորված և ՓրայսութերհաուսՔուփերսի և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ մի քանի նախարարություններում հանրային ոլորտի բարեփոխումների իրականացմանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) ՄԱԿ-ի գլոբալ զարգացման ցանց է, որի գրասենյակները գործում են աշխարհի 166 երկրներում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1993թ.-ին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնախնդիրը  աղքատության նվազեցումն է: Հայաստանում ևս ծրագիրը աջակցում է կառավարությանը` ավարտելու հազարամյակի զարգացման ծրագիրը և հասնելու հիմնական ու առաջնային նպատակին` մինչև 2015 թվականը նվազեցնել աղքատությունը 50%-ով:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

“ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում:  “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

“Շեն” բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1988-ին: Նրա առաքելությունն է նպաստել Հայաստանի հեռավոր և խոցելի գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ու ուժեղացմանը` համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: Կազմակերպությունը ջանում է համայնքներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, ստեղծել աշխատատեղեր ու զարգացնել համայնքային ենթակառուցվածքները:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSAոչ առևտրային կազմակերպություն է, որն համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանն ու վերջինիս նպաստելուն: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները` ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր` Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Հայ իրավաբանական միությունը ստեղծվել է 1989թ.-ին, ԱՄՆ-ում, նպատակ ունենալով աջակցելու և միավորելու հայկական արմատներ ունեցող իրավաբաններին և այլ շահագրգիռ անձանց, ու նրանց ջանքերն ուղղել Ամերիկայի հայ համայնքի իրավական խնդիրների լուծմանը: Հայաստանի անկախացումից ի վեր` կազմակերպությունը ձեռնամուխ եղավ նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու ամրապնդման գործին: Մասնագիտական զարգացումը և համայնքային առաջընթացը միության կարևորագույն նպատակներն են: Միությունը կոչված է ծառայելու իրավաբանի մասնագիտությանը, իր անդամների հետաքրքրություններին ու շահառուների իրավունքներին:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

ՀԵԻԱ-ն իր ստեղծումից ի վեր աշխատել է` առաջնորդվելով իր որդեգրած արժեքներով և այժմ, հիրավի, հանդիսանում է ՀՀ հասարակական դաշտի զարգացած ու կայուն հասարակական կազմակերպություններից մեկը: Այս մասին է վկայում մի շարք միջազգային կազմակերպությունների ունեցած հետաքրքրությունը ՀԵԻԱ-ի նկատմամբ, որը համագործակցության նոր եզրեր է ստեղծում ՀԵԻԱ-ի և այդ կազմակերպությունների միջև: Մասնավորապես, ՀԵԻԱ նախագահը այս տարի Կենտրոնական գրասենյակում հյուրըկալեց հատուկ այցով Հայաստանում գտնվող Եվրոմիության “ՕԼԱՖ” գրասենյակի (Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական խարդախությունների բացահայտման հարցերով անկախ հետաքննության ծառայություն) ներկայացուցիչներին, Վրաստանում և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության ֆինանսների ու պայմանագրերի բաժնի ղեկավար Ջերարդ Գալլերին և Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ալեքսիս Լոբերին: ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում նախագահը հանդիպումներ է ունեցել Փախստականների Դանիական խորհրդի Հարավային Կովկասի տարածաշրջանի կոորդինատոր Ֆրեյա ֆոն Գրոոտեի հետ, Համաշխարհային բանկի դատաիրավական համակարգի բարեփոխումների ԾԻԳ-ի միջազգային խորհրդատու Էնթոնի Ֆիսերի հետ: Այս հանդիպումների արդյունքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ կազմակերպության գործունեության, պատմության ու ծրագրերի հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցության վերաբերյալ: ՀԵԻԱ-ի հետ համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել նաև Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի ղեկավար Պիտեր Լորիցենի հետ:
ՀԵԻԱ-ն կարևորում և բարձր է գնահատում հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ: Վերջիններս անփոխարինելի են հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործում: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից, ինչը բավականին կառուցողական նշանակություն ունի ՀԵԻԱ-ի գործունեության համար:

ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

“2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան արդեն վեց տարի է, որ իր գործընկերների ու աջակիցների հետ միասին փորձում է Հայաստանին ևս հաղորդակից դարձնել միջազգային իրավունքի ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին` կազմակերպելով “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը: Մրցույթին յուրաքանչյուր տարի մասնակցում են Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Մրցույթը աշխարհում ամենալայն ճանաչումը և հեղինակությունը վայելող իրավաբանական մրցույթն է և այն կարևոր դեր է խաղում իրավաբան ուսանողների մասնագիտական զարգացման ու կայացման գործում: Մասնակից երկրներում նախորոք անցկացվում են ազգային կամ տարածաշրջանային մրցափուլեր, որոշելու համար այն բուհը, որը կներկայացնի տվյալ երկիրը միջազգային մրցափուլում: Մրցույթի և ազգային, և միջազգային մրցափուլերում թիմերը, ներկայացնելով այս կամ այն մտացածին երկիրը, հանդես են գալիս ժյուրիի առջև` միջազգային դատարանի օրինակով, որը գնահատում է թիմերին:  Միջազգային փուլը, որն ավանդաբար անց է կացվում Վաշինգթոնում, ընդգրկում է տարբեր մրցափուլեր: Լավագույն երկու թիմերը հանդիպում են եզրափակիչ` Ջեսափի աշխարհի գավաթի խաղարկության փուլում:
Այս ծրագրի նպատակը Հայաստանում իրավաբանական կրթության զարգացմանը նպաստելն է, ուսանողների համար իրենց գործնական իրավական գիտելիքները ազատորեն ներկայացնելու հնարավորություն ընձեռելը և միջազգային իրավունքի, դատական նախադեպերի, փաստաբանական բանավոր և գրավոր հմտությունների համապատասխան փորձի ձեռք բերմանը նպաստելը: Այն նպաստում է ուսանողների միջազգային և ընդհանուր իրավունքին վերաբերող գիտելիքների մակարդակի բարձրացմանը, ուսանողների իրավական գրավոր խոսքի և բանավոր փաստաբանական հմտությունների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռում օգտագործել Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ տարածաշրջանային դատարանների դատական գործերի նյութերը, ինչպես նաև Միջազգային իրավունքին առնչվող նյութեր, որոնք ստացվում են Ջեսափի մրցույթի ընթացքում: Մրցույթին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում տեղական և արտասահմանյան իրավաբանական դպրոցների և իրավաբան ուսանողների միջև ակտիվ համագործակցություն հաստատելու համար:
“2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչված Ռուս–հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը 2005թ. մարտի 29-ից ապրիլի 2-ը մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Այս տարի միջազգային մրցափուլին մասնակցում էին 79 երկրների 103 թիմեր: Ռուս–հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը “2005թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթում գրավեց 80-րդ տեղը, “Հարդի Դիլլարդ”-ի անվան լավագույն հայցադիմումների մրցույթում ներկայացված հայաստանյան թիմի հայցադիմումը 40-րդն էր: Մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքում :

“Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն” ծրագիրը սկսվել էր 2004թ.-ի հոկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2005թ. թվականի հունիսի 30-ը: Այս ծրագրի նպատակներն էին երիտասարդ իրավաբանների, երիտասարդ փաստաբանների և իրավաբան ուսանողների իրավաբանական կրթության շարունակությունը, ՀԵԻԱ ուսուցման և տեղեկատվության կենտրոնների գործունեության շարունակությունը, բնակչության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը և ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի գործունեության իրականացումը: Ծրագրի իրականացման ընթացքում ՀԵԻԱ-ի գրասենյակներում անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցվեց ՀՀ բնակչության սոցիալապես խոցելի խմբերին, հրատարակվեցին և տարածվեցին ԻՈՒԲ-ի եռամսյա պարբերական “Իրավաբան ուսանող” լրատուի հերթական համարները:
Ծրագրի ընթացքում երիտասարդ իրավաբանների համար կազմակերպվեցին երկու հանրապետական գիտաժողովներ`“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” և “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները” խորագրերով: Գիտաժողովների գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած լավագույն զեկույցների հեղինակները, գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն, իրավունք ստացան որպես զեկուցողներ մասնակցել եզրափակիչ` բանավոր փուլերին: Գիտաժողովների գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար որպես գիտաժողովի փորձագետ դատավորներ հրավիրվեցին ճանաչված փաստաբաններ, իրավաբաններ և դատավորներ: Գիտաժողովի հաղթողները արժանացան արժեքավոր մրցանակների:
Գիտաժողովները լուսաբանվեցին զանգվածային լրատվության միջոցների կողմից: Երկու գիտաժողովների արդյունքում հրատարակվեցին և անվճար տարածվեցին գիտաժողովների համանուն նյութերի ժողովածուները:

Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

“Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացրել է 2005թ.-ի օգոստոսի 1-ից` Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն հրատարակել է և տարածում է մարդու իրավունքների վերաբերյալ 15 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնցում բնակչությանը մատչելի ձևով տրված է տեղեկատվություն մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկները անվճար բաժանվում են Երևանի, ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի բնակչությանը` ՀԵԻԱ-ի գրասենյակների ցանցի միջոցով:
Ծրագրի ընթացքում  ՀԵԻԱ-ն զարգացման ծրագրեր է իրականացնում երիտասարդ իրավաբանների վերապատրաստման ուղղությամբ` վերջիններիս մասնագիտական գիտելիքները կատարելագործելու համար, հնարավորություն տալով նրանց տիրապետելու փոփոխվող օրենսդրությանը: Մասնավորապես, ծրագրի շահառուների համար Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ, Իջևան, Գորիս և Կապան քաղաքներում ծրագրի շահառու երիտասարդ փաստաբանների,  երիտասարդ իրավաբանների, հանրակրթական դպրոցներում “Իրավունք” առարկան դասավանդող ուսուցիչների և իրավաբան ուսանողների համար կազմակերպվում են մարդու իրավունքներին նվիրված 16 սեմինարներից բաղկացած 2 դասընթաց: Այնուհետև վերապատրաստում անցած 84 դասավանդողները բնակչության` ուսանողների, հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների և համայնքների բնակչության համար հանրային իրազեկման սեմինարներ են անցկացնում: Այս ծրագրի շրջանակներում ևս ՀԵԻԱ-ն իր գրասենյակների ցանցի միջոցով անվճար իրավաբանական խորհրդատվություն ու տեղեկատվություն է տրամադրում բնակչության անապահով խավերին: Ծրագրի շրջանակներում իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավագիտությամբ հետաքրքրվողներին հնարավորություն է ընձեռնվում նաև օգտվել ՀԵԻԱ-ի անվճար իրավաբանական ռեսուրսներից: Բացի տեսական գրականությունից ՀԵԻԱ-ի շահառուները օգտվում են համակարգիչներում առկա ՀՀ օրենսդրության “Իրտեկ” տեղեկատվական-որոնողական համակարգից:

“ՀԵԻԱ հզորացում” ծրագրի իրականացումը ՀԵԻԱ-ի կողմից շարունակվեց նաև 2005թ.-ի ընթացքում: Սույն ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքները ուղղված էին հզորացնելու ՀԵԻԱ-ի ինստիտուցիոնալ զարգացումը և շարունակելու ասոցիացիայի կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների իրականացումը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը, օգտակարությունը և հասանելիությունը: Ծրագրի իրականացման ընթացքում ՀԵԻԱ-ի շահառուներին հնարավորություն է ընձեռնվել անվճար օգտվելու ժամանակակից իրավաբանական գրականությունից, ամսագրերից ու տեսաժապավեններից, համակարգիչներից ու ՀՀ օրենսդրության էլեկտրոնային “Իրտեկ” համակարգից: Ծրագրի ընթացքում ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են օրենսդրության տարբեր ճյուղերի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինարներ, որոնց մասնակցել են իրավաբան ուսանողներ: ՀԵԻԱ-ի, Երևանյան գրասենյակում երիտասարդ իրավաբանների համար կազմակերպվել և անցկացվել է “Մարդու իրավունքներ և Եվրոպական իրավունք” թեմայով սեմինարների շարք: Ծրագրի ընթացում ՀԵԻԱ-ի Իրավաբանական կրթության և տեղեկատվության կենտրոնների կողմից Երևանի և ՀՀ մարզերի բնակչությանը մատուցվել են անվճար իրավաբանական ծառայություններ: Ծրագրի իրականացմանը աջակցում է Հոլանդական “ՔորդԷյդ” կազմակերպությունը:

“Հայաստանի Կառավարություն. Տեղեկատվության տարածում քաղաքացիների շրջանում” ծրագիրը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և “Հայաստան. Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն էր հանրությանը տեղեկատվություն հաղորդել ՀՀ գյուղատնտեսության, աշխատանքի, քաղաքաշինության, վիճակագրության, մշակույթի և երիտասարդության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, լեզվի, արխիվային և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտներում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում  ՀԵԻԱ-ն, համագործակցելով համապատասխան նախարարությունների ու պետական կառույցների հետ, վերոնշյալ ծառայությունների վերաբերյալ հրատարակեց 21 անուն տեղեկատվական թերթիկներ, յուրաքանչյուրից 5000 օրինակ, որոնք բնակչության շրջանում անվճար տարածվեցին ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում գործող տեղեկատվական կենտրոնի, վերը նշված նախարարությունների և պետական մարմինների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀԵԻԱ-ի կողմից:

“Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում” ծրագրի իրականացումը սկսվել է 2005 թվականի հուլիսի 20-ից: Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, ABA/CEELI-ի տեխնիկական աջակցությամբ և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ քննության/հարթման և միջնորդ դատարանների զարգացմանը նպաստելուն` իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և  դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով: Ծրագրի շրջանակներում միջազգային չափորոշիչներին համապատասխան իրականացված ուսուցման միջոցով, որպես միջնորդներ/հարթողներ են վերապատրաստվել շուրջ 25 մասնագետներ, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ իրազեկման դասընթացներ է անցկացվել Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 270 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների և նոր սերնդի իրավաբանների համար: Ծրագրի շրջանակներում գործում է թեժ գիծ, որի միջոցով ծրագրի իրականացման 9 ամիսների ընթացքում շուրջ 150 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների տրամադրվել են անվճար իրավաբանական ծառայություններ: Փոքր և միջին ձեռնարկությունների վեճերի լուծման նպատակով ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի կողմից հիմնվել են միջնորդ դատարան և միջնորդական ծրագիր: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից հրատարակվել են երեք անուն տեղեկատվական թերթիկներ` “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագիր, Միջնորդ դատարաններ և միջնորդ դատավարություն, Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները թեմաներով, ինչպես նաև “Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ” ուղեցույցը, որոնք անվճար տարածվում են շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց շրջանում: ՀԵԻԱ-ն ստեղծել և գործարկել է ծրագրի վեբ կայքը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են ծրագրի շրջանակներում անցկացված ուսուցումները, միջոցառումներն ու հրատարակված նյութերը, ինչպես նաև տեղեկատվություն է պարունակվում ծրագրի կազմակերպիչների ու գործընկերների մասին: Կայքում կարելի է ծանոթանալ նաև ՀԵԻԱ-ի և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի կողմից հիմնադրված միջնորդ դատարանին և թեմային առնչվող օրենսդրությանն ու իրավական ակտերին:

“Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների քսան գյուղական համայնքների իրավական իրազեկության բարձրացում” ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2005թ.-ի սեպտեմբերի մեկից` “Շեն” բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ` Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին: Ծրագիրը նպատակ ունի շրջիկ ծառայությունների միջոցով ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի ծառայությունները հասանելի դարձնել նաև  Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների գյուղական համայնքների համար, որոնք հնարավորություն չունեն օգտվելու անհրաժեշտ իրավաբանական ծառայություններից: Ծրագրի իրականացման ընթացքում վերոնշյալ գյուղական համայնքների բնակչությանը մատուցվում են անվճար իրավաբանական խորհրդատվություն և տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, կազմակերպվում են հասարակական լսումներ ՏԻՄ-երի և գյուղական համայնքի անդամների մասնակցությամբ` նպաստելով բնակչության իրազեկմանը ՏԻՄ-երի գործունեության մասին և նրանց ներգրավմանը համայնքի կյանքին: Ծրագիրը նպաստում է Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների գյուղական համայնքների բնակչության իրավագիտացության բարձրացմանը և ՏԻՄ-երի արդյունավետության բարձրացմանը:

Հիմնական դատական գործ
2005 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ “ԱրմենՏել” ընկերության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության չորս բաժինների արհմիութենական սկզբնական կազմակերպությունների ընդհանուր ժողովը, որն աշխատակիցների մասնագիտական, աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունեց 2005թ.-ի նոյեմբերի 17-ին նախազգուշական գործադուլ հայտարարելու մասին որոշում և իրականացրեց այն: Նույն թվականի նոյեմբերի 17-ին “ԱրմենՏել” ՀՁ ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցներ դիմեցից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային` իրավաբանական օգնություն տրամադրելու խնդրանքով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան բավարարեց աշխատակիցների խնդրանքը և նրանց տրամադրեց իրավաբաններ` դատարաններում և այլ մարմիններում աշխատակիցների իրավունքները անվճար հիմունքներով ներկայացնելու համար: Այն հանդիսացավ համագործակցության սկիզբ, որի շրջանակներում ՀԵԻԱ-ն մտավ շուրջ 50 աշխատակիցների խախտված իրավունքների պաշտպանության պատասխանատու բեռի տակ: Սույն դատական գործը դեռևս չի ավարտվել և այն շարունակվում է նաև 2006թ.-ին: Սույն դատական գործի մանրամասներին և նյութերին կարող եք ծանոթանալ գործի ինտերնետային էջում:

Սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկության հասարակական կենտրոններ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը, կարևորելով ՀՀ Սահմանադրական փոփոխություններն ու Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիմնադրեցին թվով 8 իրավական իրազեկության հասարակական կենտրոններ, որոնց միջոցով պրոֆեսիոնալ իրավաբանների կողմից 2005թ.-ի նոյեմբերի 1-ից սկսած հասարակությանը մատուցվեց անվճար իրավաբանական խորհրդատվություն: Կենտրոնները տեղակայված են եղել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գորիսում, Կապանում` ՀԵԻԱ-ի գրասենյակներում և Արթիկում` ժամանակավոր գրասենյակում: Ընդհանուր առմամբ կենտրոնների ծառայություններից օգտվել են 1140 քաղաքացի, որոնցից 564-ը կամ ընդհանուրի 49.47%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 571-ը կամ 50,09%-ը` արական, իսկ 5-ը կամ 0,44%-ը` իրավաբանական անձինք: Հաճախորդների մեծամասնությունը` 694 հոգի, եղել են միջին տարիքի` 41-65 տարեկան, 344-ը` 18-ից 40 տարեկան, 101-ը` 65-ից բարձր տարիքի և միայն 3-ը` մինչև 18 տարեկան: Կենտրոնները 1055 հոգու մատուցել են անվճար իրավաբանական խորհրդատվություն սահմանադրության փոփոխված դրույթների ու բնակչությանը հուզող հարցերի վերաբերյալ, և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն և փոփոխությունների նախագիծ են տրամադրել 85 հոգու: Գրասենյակում իրավաբանական խորհրդատվություն է մատուցվել 696 հոգու, հեռախոսով` 439, ինտերնետով` 5: Քաղաքացիներին հուզող հարցերի մեծամասնությունը վերաբերել են Սահմանադրության` “Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները” գլխին` 445 հոգի կամ ընդհանուրի 39%-ը, “Հանրապետության նախագահը” գլխի վերաբերյալ խորհրդատվություն է տրվել 421 հոգու` ընդհանուրի 36.9%, երկքաղաքացիության վերաբերյալ` 107 հոգու կամ ընդհանուրի 9.4%-ին, “Սահմանադրական կարգի հիմունքները” գլխի վերաբերյալ` 18 հոգու` 1.6%, “Ազգային ժողով գլխի” վերաբերյալ` 20 հոգու` 1.75%, “Կառավարություն” գլխի վերաբերյալ` 14 հոգու` 1.23%, “Դատական իշխանություն” գլխի վերաբերյալ` 54 հոգու` 4.73%, “Տեղական ինքնակառավարում” գլխի վերաբերյալ` 5 հոգու` 0.44%, այլ հարցերի շուրջ` 56 հոգու կամ 4.9%-ին: Իրավաբանները տեղեկացնում էին կենտրոններ դիմած քաղաքացիներին այն մասին, թե Սահմանադրության որ հոդվածը ինչպիսի փոփոխության է ենթարկվել, մեկնաբանում էին համապատասխան հոդվածները և պատասխանում քաղաքացիներին հուզող հարցերին: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրավական իրազեկման հասարակական կենտրոններն իրենց աշխատանքն ավարտել են 2005թ.-ի նոյեմբերի 25-ին:

Ամառ 2005 ուսանողական/կամավորական ծրագիր սփյուռքահայ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար
2005թ-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Դեպի Հայք հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց ուսանողական կամավորական ծրագիր սփյուռքահայ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար: Ծրագիրը նպատակ ուներ սփյուռքահայ ուսանողներին հնարավորություն ընձեռել մասնագիտական բնագավառում աշխատել Հայաստանում: Այն թույլ է տալիս սփյուռքահայ ուսանողներին ներգրավվել հայաստանյան կյանքին, կիրառել և զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները` աշխատելով տեղական հասարակական կազմակերպությունների հետ, ստեղծել նոր կապեր հայրենիքի հետ: Ծրագրի ընթացքում ՀԵԻԱ-ում հուլիս և օգոստոս ամիսներին աշխատեց Լոնդոնի համալսարանի իրավաբան ուսանող Արման Սարվարյանը: Ծրագրի ընթացքում ՀԵԻԱ-ի կամավորի կողմից ուսումնասիրվեցին ՀԵԻԱ-ի վեբ կայքի անգլերեն տարբերակի հիմնական էջերը և համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀԵԻԱ-ի վեբ կայքում: Կամավորի կողմից համապատասխան առաջարկություններ արվեցին կազմված դրամաշնորհային առաջարկների, ՀԵԻԱ-ի գործընկերների հետ կատարվող նամակագրության և կազմվող անգլերեն փաստաթղթերի  կապակցությամբ: Կամավորը մասնակցել է ՀԵԻԱ-ի վեբ կայքում պարբերաբար տեղադրվող լուրերի թարգմանությանը, խմբագրել է ՀԵԻԱ-ի զարգացման պլանի անգլերեն տարբերակը, մասնակցել է ՀԵԻԱ-ի գործունեության և ծրագրերի հաշվետվությունների թարգմանությանը:
Կամավորի կողմից ՀԵԻԱ-ի աշխատակազմից և անդամներից կազմված 5 հոգանոց խմբի հետ անցկացվեցին անգլերենի բարելավման ուսուցումներ հետևյալ թեմաներով`

  • Կրթական համակարգը Հայաստանում և Եվրոպական երկրներում,
  • Արդյո՞ք փողը պետք է լինի ազդեցիկ գործոն արդարադատություն իրականացնողների համար,
  • Հայաստանի Սահմանադրությունը եվրոպական երկրների Սահմանադրությունների համեմատությամբ,
  • Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին և ԵՄ-ին,
  • Տեղեկատվության էլեկտրոնային ռեսուրսները. առավելություններն ու թերությունները,
  • Քաղաքական և ընտրական բարեփոխումները Հայաստանում և հանրաքվեն,
  • Արցախի հիմնախնդիրը, լուծման ուղղությունները,
  • Ինչպե՞ս կարող է հայ երիտասարդությունը բարելավել կյանքը Հայաստանում,
  • Սոցիալական հիմնախնդիրները Հայաստանում:

Կամավորը մասնակցել է գրասենյակում տրվող խորհրդատվություններին, ծանոթացել գործերին, որոնց վերաբերյալ կազմվել են գրավոր փաստաթղթեր կամ իրականացվել է ներկայացուցչություն դատարանում և մասնակցել է ՀԵԻԱ-ի հաճախորդների երեք դատական գործերով դատական նիստերի ՀԵԻԱ-ի իրավաբանների հետ:
Ծրագրի արդյունքում ստեղծվեց ծրագրի ինտերնետային էջը, որը մանրամասն տեղեկատվություն և նյութեր է պարունակում կամավորական ծրագրի մասին:

Լոնդոնի Միջազգային հանդիպումը և Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Հանձնաժողովի ամենամյա հանդիպումը
2005թ.-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Լոնդոնում կայացավ ավանդական Միջազգային հանդիպումը, որն արդեն 40 տարի կազմակերպվում է երիտասարդ իրավաբանների ու փաստաբանների կողմից` հնարավորություն ընձեռելով աշխարհի իրավաբաններին մասնակցելու Լոնդոնի իրավաբանական ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկին: Այս տարի Միջազգային հանդիպմանը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացրեց Արման Սարվարյանը: Միջոցառումը սկսվեց միջազգային գիտաժողովով, որը նվիրված էր Եվրոպական իրավունքին: Հոկտեմբերի մեկին միջոցառումը շարունակեց Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Հանձնաժողովի ամենամյա հանդիպումը, որը առիթ է ասոցիացիային անդամակցող խմբերին ու կազմակերպություններին միմյանց հետ հանդիպելու և իրենց գաղափարներն ու տեղեկատվությունը փոխանակելու համար: ՀԵԻԱ-ն 1998թ.-ից հանդիսանում է Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ: Հանդիպման ընթացքում Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավարությունը ներկայացրեց կազմակերպության գործունեության կարևոր փոփոխությունները: Եվրոլոյեր պարբերականում, որն այսուհետ թողարկվելու և տարածվելու է նաև էլեկտրոնային տարբերակով, այժմ հոդվածներ են տպագրվում ասոցիացիայի անդամների մասին` տեղեկացվածության ու համագործակցության խթանման նպատակով: Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ցանկություն է հայտնել իր վարչության կազմում ընդգրկել ՀԵԻԱ-ի անդամներից մեկին: Միջազգային այս իրադարձությունը նոր հնարավորություններ է նախանշում կազմակերպության համար` թույլ տալով ներկայանալ և հաղորդակից լինել Եվրոպայի իրավաբանական կյանքին:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2005թ.-ին տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի Կենտրոնական և մարզային գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում
գ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում

2005թ.-ին ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 5183 մարդ, որից 3855 մարդ կամ ընդհանուրի 74.37%-ը` իրավաբանական գրականությունից, 1328 մարդ կամ ընդհանուրի 25.63%-ը` ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):

 

Տեսակ
Քանակ
%
իրավաբանական գրականություն 3855 74.37
էլեկտրոնային համակարգեր 1328 25.63
ընդամենը 5183 100

Օգտվողներից 1854 հոգի կամ 35.77%-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 3329 հոգի կամ 64.23%-ը` իգական:

Սեռ
Քանակ
%
իգական 3329 64.23
արական 1854 35.77
ընդամենը 5183 100

Սեմինարների և դասընթացների կազմակերպում

ա) ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի վերաբերյալ սեմինարներ:
2005թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 70 սեմինարներ` նվիրված ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին: Այդ սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 42 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ: Վերջիններս Հայաստանի դպրոցներում անցկացրել են 2 և ավելի թվով դասընթացներ` դպրոցների աշակերտների համար: 2005թ.-ին հանրային իրազեկության դասընթացի ուսուցանողների կողմից ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի վերաբերյալ անցկացված 162 սեմինարներին մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի 23 դպրոցների 2931 աշակերտներ:

բ) Մարդու իրավունքների և եվրոպական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել են մարդու իրավունքներին և եվրոպական իրավունքին նվիրված 4 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 12 սեմինարներից և բոլոր 4 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 24 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ: Վերջիններս Երևանի 5 դպրոցներում անցկացրել են 55 սեմինարներ` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և Եվրոպական իրավունքին` դպրոցների աշակերտների համար: Սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են 418 աշակերտներ:

գ) Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ սեմինարներ:
2005թ.-ի ընթացքում “Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի 7 գրասենյակների կողմից կազմակերպվել են 7 դասընթացներ` բաղկացած 16 սեմինարներից և 7 դասընթացներ` բաղկացած 9 սեմինարներից` նվիրված մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին: Ընդհանուր առմամբ կազմակերպվել են 175 սեմինարներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են 84 կամավոր/դասավանդողներ, որոնցից 42-ը Հայաստանի դպրոցներում, բուհերում և համայնքներում անցկացրել են 100-ից ավելի սեմինարներ մոտ 2000 մասնակիցների համար:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2005թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խավերի համար ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 5742 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 2436-ը կամ ընդհանուրի 42.42%-ը արական սեռի են, 3254-ը կամ ընդհանուրի 56.67%-ը` իգական, 52-ը կամ ընդհանուրի 0.9%-ը` իրավաբանական անձ: Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը`
ըստ ոլորտների
Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք
458
7.98
Բնակարանային իրավունք
302
5.26
Ամուսնա-ընտանեկան իրավունք
490
8.53
Սոցիալական ապահովություն
518
9.02
Քաղաքացիական իրավունք
1752
30.51
Քաղաքացիական դատավարություն
265
4.62
Վարչաիրավական
115
2.00
Քրեական իրավունք
148
2.58
Հողային իրավունք
108
1.88
Առողջապահություն
35
0.61
Կրթություն և գիտություն
85
1.48
Բնապահպանական
0
0.00
Թրաֆիքինգ
3
0.05
Գենդերային խտրականության հարցեր (ընտանեկան բռնություն)
1
0.02
Միջազգային իրավունք
9
0.16
Քրեական դատավարություն
24
0.42
Սահմանադրություն
1075
18.72
Իրավական այլ հարցեր
354
6.17
ԸՆԴԱՄԵՆԸ
5742
100.00

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Սեռ
Քանակ
%
ֆիզիկական անձ
5690
99.1
իրավաբանական անձ
52
0.9
ընդամենը
5742
100

Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի

Սեռ
Քանակ
%
իգական
3254
56.67
արական
2436
43.33
ընդամենը
5690
100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

“Բիզնես Կոնսալտ”

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա”
հասարակական կազմակերպության
համաժողովին և վարչությանը

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբերի 2005թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների` պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, Կազմակերպության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կարծիքով, բացի վերը նշվածից, 2005թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Կազմակերպությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2005թ.

հազ. դրամ

ԱԿՏԻՎ

2005

2004

 Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ

35 399

41 802

Ոչ նյութական ակտիվներ

142

159

Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ

35 541

41 961

Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ

320

3 687

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

4 134

19 596

Ընդամենը ընթացիկ ակտիվներ

4 454

23 283

Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ

39 995

65 244

ՊԱՍԻՎ

Սեփական կապիտալ
Կուտակված շահույթ

64

763

Ընդամենը  սեփական կապիտալ

64

763

Ընթացիկ  պարտավորություններ
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ

702

47

Եկամուտներին վերաբերող շնորհներ

39 229

64 434

Ընդամենը ընթացիկ պարտավորություններ

39 931

64 481

Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ

39 995

65 244

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2005թ.-31.12.2005թ.

հազ. դրամ

2005

2004

Գործառնական  եկամուտներ, այդ թվում`

 

 

Դրամաշնորհներ

66  673

54  114

Անդամավճարներ

590

637

67  263 54  751
Գործառնական  ծախսեր, այդ թվում`

 

 

Դրամաշնորհներ

(64  321)

(54  114)

Անդամավճարներ

(1 291)

339

(65  612) (54  452)
Գործառնական շահույթ

1 651

299

Այլ ոչ գործառնական  (վնաս)

(2 351)

(4 240)

Սովորական գործունեությունից  (վնաս)

(700)

(3 941)

 

ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող  ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում:
ՀԵԻԱ-ի անդամների վերջին համաժողովը տեղի է ունեցել 2004թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվել է կազմակերպության վարչություն` հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7 բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Է. փոստ [email protected]

Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ
ք. Գավառ, Մարզպետարանի շենք
Հեռախոս (374 264) 25503
Հեռապատճե (374 264) 25503
Է. փոստ [email protected]

Երևանի մասնաճյուղ
ք. Երևան, Նալբանդյան 7 բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Է. փոստ [email protected]

Լոռու մարզային մասնաճյուղ
Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս/ֆաքս (374 322) 22317
Է. փոստ [email protected]

Շիրակի մարզային մասնաճյուղ
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պող. 1 բն. 2
Հեռախոս (374 312) 23812
Հեռապատճե (374 312) 38236
Է. փոստ [email protected]

Սյունիքի մարզային մասնաճյուղ
ք. Կապան, Ա. Մանուկյան 1 բն. 72
Հեռախոս (374 285) 62511
Հեռապատճե (374 285) 62511
Է. փոստ [email protected]

Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակ
ք. Գորիս, Մաշտոցի փող. 3
Հեռախոս (374 284) 25861
Հեռապատճե (374 284) 25861
Է. փոստ [email protected]

Տավուշի մարզային մասնաճյուղ
ք. Իջևան, Մարզպետարանի շենք
Հեռախոս (374 263) 32499
Հեռապատճե (374 263) 32499
Է. փոստ [email protected]

    Հայաստանի երիտասարդ