Հուլիսի 21-ին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Երևանում քննարկվել են ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մշակած խորհրդատվական կարծիքները։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործընկերներին կատարված աշխատանքի համար և կարևորել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ի թիվս այլ հարցերի, կարևորել է քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման մշտադիտարկման հարցում և ընդգծել այդ ջանքերը հնարավորինս մասնակցային կազմակերպելու անհրաժեշտությունը` այդ ոլորտում նախկինում քաղհասարակության կատարած աշխատանքների հաշվառմամբ:
Համանախագահ Լուսինե Հակոբյանը ընդգծել է ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման ոլորտում քաղհասարակության ջանքերն ի մի բերելու Պլատֆորմի մտադրությունը, այդ թվում` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» և «Հակակոռուպցիոն կոալիցիայի» ջանքերը:
Առանձին երեք նիստերով քննարկվել են հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի «Հակակոռոպցիոն կրթության և շահերի բախման վերաբերյալ միջազգային և Հայաստանյան օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրություն՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունների լույսի ներքո» զեկույցը, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի «Կայուն ձեռնարկատիրությունը և կայուն զբաղվածությունը ՀՀ-ում» զեկույցը և ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ Աննա Բարիկյանի, Արսեն Իգիթյանի, Տիրուհի Նազարեթյանի «Միավորման ազատությունը և սոցիալական գործընկերությունը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը։
Ըստ Սյուզաննա Սողոմոնյանի՝ խորհրդատվական կարծիքը մշակելիս ուսումնասիրվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն միջոցառումները և դրանց արդյունքները, միջազգային գործընկերների կողմից տրված հանձնարարականները՝ մեծապես ուշադրություն դարձնելով ՀՀ 2018-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին, քանի որ վերջինս հանդիսանում էր ՀԸԳԾ-ի կատարումն ապահովող ճանապարհային քարտեզներով նախատեսված ինքնուրույն գործողություն։ Ըստ այդմ, պետք է նշել, որ հակակոռուպցիոն կրթության մասով անելիքներ դեռ շատ կան, թիրախում պահելով ողջ հանրությանը․ սկսած մանկապարտեզից մինչև ավագ սերունդ։ Նաև հարկ է շեշտել, որ հակակոռուպցիոն կրթության ոլորտում կատարված գործողությունները ներկայացվել են երկու մակարդակում․ որակական և քանակական։ Ընդ որում, քանակական առումով եթե որոշ գործողություններ կատարվել են ամբողջովին, ապա որակական առումով գործողությունների ազդեցության և արդյունքի գնահատում չի կատարվել ՀՀ կառավարության կողմից։ Շահերի բախման ինստիտուտի դեպքում 2022 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխությունների ուժով, բավականաչափ բարելավվել է ինստիտուտը, սակայն այստեղ դեռևս անելիքներ կան՝ ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ հակակոռուպցիոն ընկալման փոփոխման համատեքստում։
Մասնակիցները նաև հարցուպատասխանի միջոցով են առավել մանրամասն ծանոթացել զեկույցներին և ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։
Տեղեկատվություն․
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված, և 2021 թվականի մարտի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածով ստեղծվել է քաղհասարակության երկկողմ Պլատֆորմ՝ բաղկացած Եվրամիության քաղհասարակության ներկայացուցիչներից և Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից։
Հայաստանից Պլատֆորմի մաս են կազմում հայաստանյան ՀԿ-ների, Արհմիությունների կոնֆեդերացիայի և Գործատուների միությունների ներկայացուցիչները։