ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում։ Ըստ նախագծի՝ այն պետական կամ համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, ինչպես նաև այն ոչ առևտրային պետական կամ համայնքային կազմակերպությունները, որոնք հիմնադրվել են ՀՀ-ի կամ համայնքի կողմից՝ ազատվում են իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու օրենսդրական պարտականությունից։
Գտնում ենք, որ քննարկվող փոփոխությունը հիմնավոր չէ, այն ստեղծում է արտոնյալ պայմաններ որոշակի տեսակի իրավաբանական անձանց համար, ամբողջությամբ հակասում է իրական շահառուի էությանն ու սկզբունքներին, և կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր՝ թուլացնելով այս ինստիտուտի հակակոռուպցիոն ազդեցությունն ու անլրջացնելով դրա կարևորությունը։
Կոչ ենք անում նախագծի հեղինակին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, հետ կանչել այս նախագիծը, սկսել հանրային քննարկում շահագրգիռ և մասնագիտացված կառույցների հետ, և համատեղ քննարկել այս նախագծի նպատակահարմարության հարցը։
Նախագծի վերաբերալ ԻՀԱ-ի ամբողջական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ։