Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպել են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով:
Հուլիսի 14-ին կայացավ գիտաժողովի բանավոր՝ ամփոփիչ փուլը․ գիտաժողովի մասնակիցները ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողներն ու ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն էին։


«Հատկանշական է, որ գիտաժողովի այս տարվա խորագիրը հետաքրքիր է փաստաբանական իսնտիտուտի համար։ Ինչ վերաբերում է զեկույցների բովանդակությանը՝ դրանցում տեղ են գտել այնպիսի մոտեցումներ, որոնք օրենսդրական մակարդակով կարող են ամրագրվել։ Մենք ամեն բան մտածել ենք, որ մեր դռները բացենք լավ մասնագետների համար»,-ասաց նախագահ Սիմոն Բաբայանը։

Գնահատականների ամփոփման արդյունքում Ժաննա Հայրապետյանը գիտաժողովի գրավոր և բանավոր փուլերի առաջատարն էր, գիտաժողովի հաղթողը։ Նա մի շարք մրցանակներ ստացավ կազմակերպիչների կողմից, այդ թվում՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսման զեղչ՝ 25 տոկոսի չափով, երկամսյա պրակտիկայի հնարավորություն «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունում և գրքերի հավաքածու` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
«Փաստաբանի անկախության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության հիմնաքարային սկզբունքներից մեկը և անձի սահմանադրական իրավունքների իրականացման կարևորագույն երաշխիքը։ Առանց անկախ փաստաբանական համայքնի անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը»,-իր ելույթում նշեց Ժաննա Հայրապետյանը։

Երրորդ հորիզոնականում Հրաչ Սաֆարյանն էր, որը ստացավ եռամսյա պրակտիկայի հնարավորություն Հանրային պաշտպանի գրասենյակում և գրքերի հավաքածու` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ «Իրավաբանական մասնագիտություն, պետություն և հասարակություն հարաբերությունների խնդիրը միշտ կա, ռեժիմները փոխելով, պետության ղեկավարների փոխվելով այն խնդիրները չեն փոխվում։ Աշխատանքիս հիմնական նպատակն է անկախության սկզբունքի ուսումնասիրությունը, օրենսդրի կողմից ընդունված «Փաստաբանության մասին» օրենքը, որով երաշխավորվեց փաստաբանի անկախությունը»,-իր զեկույցը ներկայացնելիս մեջբերեց նա։

Գիտաժողովի բանավոր և գրավոր փուլերի մյուս մասնակիցները նույնպես արժանացան գիտաժողովի մասնակցության հավաստագրերի և ստացան գրքեր` Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

