I.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ, գործընկերներ ու համախոհներ
Պատիվ ունեմ ձեր բոլորի ուշադրությանը ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հերթական տարեկան հաշվետվությունը: Այն հակիրճ ներկայացնում է ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից 2007 թվականի ընթացքում իրականացված գործունեությունն ու ծրագրերը, ՀԵԻԱ-ի ձեռքբերումներն ու նորությունները:
Մենք խիստ կարևորում ենք տարեկան հաշվետվութան տպագրումն ու տարածումը շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կազմակերպության գործունեությունը դարձնել թափանցիկ ու մատչելի բոլոր հետաքրքրվողների համար, այն ապահովում է կառույցի հաշվետվողականությունը իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների համար, ինչը կազմակերպության արդյունավետ գործունեության հիմքերից է:
2007-ը, թերևս, բավականին կառուցողական կարելի է համարել ՀԵԻԱ-ի համար: Անցնող տարում կառույցը իր գրասենյակների ցանցի միջոցով շարունակեց անվճար խորհրդավություն մատուցել ՀՀ բնակչությանը, բավականին մեծ աշխատանք կատարվեց բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կարևորելով ընտրական գործընթացները՝ ՀԵԻԱ-ն արդյունավետ կերպով աշխատեց ընտրական օրենսդրության և բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվեցին մի շարք ուսուցողական դասընթացներ, անցկացվեց փաստաբանությանը նվիրված ավանդական ամենամյա ուսանողական գիտաժողովը, տպագրվեց և տարածվեց իրավաբանական լրատուն, որը մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այս տարի կարևորվեց նաև Ջեսափի մրցույթի դերի ու նշանակության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ՀԵԻԱ-ն նոր գործընկերային կապեր հաստատեց արևելաեվրոպական մի շարք նպանատիպ կառույցների հետ:
Հուսով ենք, որ մեր կատարած աշխատանքը ունի այն կարևորությունն ու դերը, ինչը հանդիսանում է խթան, շարժիչ ուժ մեծ նվիրումով ու ոգեշնչմամբ շարունակելու մեր գործունեությունը՝ ի նպաստ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, իրավաբանների նոր սերնդի զարգացման ու իրավական պետության կայացմանն աջակցելու դժվարին գործում:
Այստեղ իրենց անփոխարինելի դերակատարումն են ունեցել ՀԵԻԱ-ի անդամներն ու աշխատակազմը, կամավորներն ու շահակիցները, գործընկերներն ու շահառուները, որոնց հայտնում եմ մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունքներ, ինչը և թույլ է տալիս մեզ մեծ նվիրումով աշխատել: Այսօր արդեն ՀԵԻԱ-ն կոչ է անում նոր սերնդի երիտասարդ իրավաբաններին՝ շարունակելու սկսված գործը, քանզի նրանց բերած նոր շունչն ու ոգեշնչումը անտարակույս կբարձրացնեն ՀԵԻԱ-ի արդյունավետությունն ու կօգնեն հաստատակամ քայլերով ձգտել իր ապագայի պատկերին, իրականացնել իր խնդիրներն ու նպատակները:
Հարգանոք՝
Հայաստանի երիտասարդ իրավաբանների
ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է Երևանում՝ 1995 թ.-ին: Ստեղծման իսկ օրվանից կառույցը որդեգրեց իր առաքելությունն ու սահմանեց բավականին հավակնոտ նպատակներ՝ սկսելով լրջորեն աշխատել ՀՀ իրավական ու հասարակական դաշտում՝ ի նպաստ բնակչության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման ու ժողովրդավարության կայացման: Կարճ ժամանակահատվածում ՀԵԻԱ-ն գործընկերային կապեր հաստատեց մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգայի կառույցների հետ՝ սկսելով իրականացնել բազմաբնույթ ծրագրեր իր նպատակային ուղղություններով: Արդեն մի քանի տարի հետո կառույցի ծառայությունները մատչելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:
ՀԵԻԱ-ն այժմ ունի 8 գրասենյակներ Հայաստանի մարզերում, որոնք կառույցի ծառայությունները մատչելի են դարձնում նաև Հայաստանի մարզերի բնակիչների համար: Իրավաբան ուսանողներին ուղղված ծրագրերի արդյունավետության, ՀԵԻԱ գործունեությանը նրանց անմիջական ներգրավվածության բարձրացման և իրավագիտությանը գործնական առումով ավելի հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը, որը նպատակ ունի նպաստել իրավաբան ուսանողների հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում իրավաբանական կրթության որակի բարձրացմանը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները, ինչպես նաև բոլոր ցանկացողները: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am:
III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որդեգրել է հետևյալ արժեքները.
-հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
-իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
-պաշտպանված մարդու իրավունքներ.
-իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ.
-հզոր քաղաքացիական հասարակություն:
- ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի թիմը կառույցի սիրտն է, որը կազմում են երիտասարդ, մասնագիտական բարձր կարողություններով, ոգեշնչումով ու նոր գաղափարներով հարուստ անհատներ: ՀԵԻԱ-ում խրախուսվում է թիմային ոգին, իսկ թիմի անդամները կիսում են կառույցի առաքելությունն ու արժեքները՝ մշտապես առաջնորդվելով դրանցով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես անշահախնդրորեն իր նպաստն է բերում կառույցի զարգացմանն ու կայացմանը՝ հավատալով նրա ապագային ու այն ներուժին, որ ՀԵԻԱ-ն ներդնում է երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման, մարդու իրավունքների զարգացման ու իրավական պետության կայացման ճանապարհին: ՀԵԻԱ-ն մշտապես համալրվում է կայացած, բարձր մասնագիտական որակներով օժտված մասնագետներով:
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԵԻԱ-ի գործընկերներ են համարվում հիսունից ավելի հասարակական, տասնյակ միջազգային ու արտասահմանյան կազմակերպություններ: Կառույցն արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական մարմինների,, ՀՀ Կառավարության, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի ինստիտուտների ու այլ կառույցների հետ:
Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությունը (ICCO), որի հետ ՀԵԻԱ-ն սկսել է համագործակցությունը 2005թ.-ից, հիմնադրվել է 1964-ին՝ նպատակադրվելով աշխատել աշխարհում աղքատության և անարդարության վերացման ուղղությամբ: ICCO-ն իրագործում է ֆինանսավորման գործընթացներ՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծել արժանավայել կենսապայմաններ:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992թ.-ին: Դեսպանատունը իրականացնում է աջակցության ծրագրեր բաց քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության և տարածաշրջանում կայուն մթնոլորտի հաստատման ուղղությամբ: Դեսպանատունը պատասխանատու է Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև կապերի պահպանման և քաղաքացիներին կոնսուլական ծառայությունների մատուցման համար:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դաշնային գործակալություն է, որը կառավարում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական և հումանիտար աջակցության ծրագրերը: Համագործակցելով տեղական մասնավոր և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է կարիքները և մշակում ռազմավարություն՝ այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ծրագիրը իրականացվում է ԱՄՆ մասնավոր սեկտորի և կամավորական կազմակերպությունների հետ պայմանագրերի և դրամաշնորհների միջոցով՝ այն բնագավառներում, որոնք նախատեսված են հայաստանյան առաքելության կողմից: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ներկայացուցչությունը կոչված է հայերի համագործակցությամբ աշխատել՝ ստեղծելու համար բարգավաճ և կայուն երկիր, որը համապատասխան հնարավորություններ կընձեռի իր քաղաքացիներին:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1988-ին: Նրա առաքելությունն է նպաստել Հայաստանի հեռավոր և խոցելի գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ու ուժեղացմանը՝ համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: Կազմակերպությունը ջանում է համայնքներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, ստեղծել աշխատատեղեր ու զարգացնել համայնքային ենթակառուցվածքները:
Հայ իրավաբանական միությունը ստեղծվել է 1989թ.-ին, ԱՄՆ-ում, նպատակ ունենալով աջակցելու և միավորելու հայկական արմատներ ունեցող իրավաբաններին և այլ շահագրգիռ անձանց, ու նրանց ջանքերն ուղղել Ամերիկայի հայ համայնքի իրավական խնդիրների լուծմանը: Հայաստանի անկախացումից ի վեր՝ կազմակերպությունը ձեռնամուխ եղավ նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու ամրապնդման գործին: Մասնագիտական զարգացումը և համայնքային առաջընթացը միության կարևորագույն նպատակներն են: Միությունը կոչված է ծառայելու իրավաբանի մասնագիտությանը, իր անդամների հետաքրքրություններին ու շահառուների իրավունքներին:
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որն համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանն ու վերջինիս նպաստելուն: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:
Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:
ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով նմանատիպ տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման: ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների մոտ, որը երաշխիք է հանդիսանում այդ կապերի ամրապնդման ու նորանոր հարաբերությունների հաստատման համար:
ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ: Վերջիններիս նշանակությունը թերևս չի կարելի գերագնահատել, քանի որ ԶԼՄ-ներըը աջակցում են կառույցի գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործին: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների կողմից:
- ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Մարդու իրավունքների ու շահերի պաշտպանություն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2007թ.-ի հուլիսից: Ծրագրի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով խավերին և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց տրվում է անվճար իրավաբանական օգնություն, անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսներ են տրամադրվում իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավաբանությամբ հետաքրքրվող անձանց: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրության բարեփոխումների իրականացում, մասնավորապես, գենդերային իրավահավասարության ոլորտների օրենսդրական դաշտի ուսումնասիրությունների, առաջարկությունների կատարման, քննարկումների, օրենքների փոփոխությունների նախագծերի պատրաստման և լոբբինգի կատարման միջոցով: Ծրագիրն ընդգրկում է արդարադատության ու փաստաբանության հրատապ խնդիրներին նվիրված գիտաժողովի կազմակերպումը, ինչպես նաև շարունակվում են իրավաբանական ամենամսյա մասնագիտական Իրավաբանական լրատուի հրատարակման աշխատանքները: Իրականացվում են նաև աշխատանքներ՝ ուղղված ՀԵԻԱ-ի կարողությունների զարգացմանը:
«Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում» ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացվել է 2006թ.-ի հունիսի 1-ից 2007թ.-ի մայիսի 30-ը՝ Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին: Ծրագիրը նպատակ ուներ զարգացման ծրագրեր իրականացնել բնակչության իրավական իրազեկության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության համակարգի և քաղաքացիական հասարակության կայացման բնագավառներում, ինչպես նաև հզորացնել ՀԵԻԱ-ի ներքին կազմակերպական զարգացումը:
Ծրագրի շրջանակներում տպագրվել են մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ 50 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք տարածվում են ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում: Ծրագրի շրջանակներում տեղեկատվական թերթիկներում արծարծված թեմաների շուրջ կազմակերպվել են դասընթացներ և վերապատրաստվել ուսուցանող/կամավորներ, որոնք համապատասխան սեմինարներ են անցկացրել դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուհերի ուսանողների, տարբերի ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և համայնքների բնակչության համար: ՀԵԻԱ-ի գրասենյակների ցանցի միջոցով շարունակվել է անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը բնակչության խոցելի խմբերին, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավագիտությամբ հետաքրքրվող անձանց:
Ծրագրի շրջանակներում 2007թ.-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հրատարակել է «Իրավաբանական լրատու»-ի 8-ից 19-րդ համարները, որոնք անվճար տարածվել են Երևանի և Հայաստանի մարզերի երիտասարդ իրավաբանների, իրավաբան ուսանողների, փաստաբանների, դատավորների և այլ շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում:
«2007թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ 2007թ.-ի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հաղթող ճանաչված Ռուս–հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը 2007թ. մարտի 25-ից 31-ը մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Հայաստանյան թիմը միջազգային մրցափուլում զբաղեցրեց 54-րդ հորիզոնականը 94 երկրների շարքում:
Հարդի Դիլլարդի հայցադիմումների մրցույթում հայաստանյան թիմի հայցադիմումը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը՝ ներկայացված 94 գրավոր աշխատանքների շարքում: Այս տարի մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ու «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի կազմակերպմանն այս տարի աջակցել էր ՀՀ Դատական դեպարտամենտը:
«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանը նպաստելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան-ուսանողների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Հանդիպումների ընթացքում մանրամասն և բազմակողմանիորեն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութերը, վեր հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան-ուսանողներին մասնակցելու մրցույթին:
Հանդիպում Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանի հետ
Երևանում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամները որպես դատավոր մասնակցեցին հոկտեմբերի 3-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի կողմից կազմակերպված դատախաղին: Դատախաղին հրավիրված էին նաև Ջեսափի մրցույթի մասնակիցները և կազմակերպիչները: Դատախաղից հետո Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանը և նրա տիկինը՝ Մարո Ռումյանը 2007թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամներին և մրցույթի կազմակերպիչներին հրավիրեցին ընթրիքի: Հոկտեմբերի 5-ին տեր և տիկին Ռումյանները հյուրընկալվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում, որտեղ կայացավ հանդիպում Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցների հետ: Հանդիպման ավարտին պարոն Ռումյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամի կոչում՝ ի հավաստումն նախորդ տարիներին Ջեսափի մրցույթին աջակցելու համար երախտագիտության:
Մրցույթի մանրամասները կարող եք տեսնել «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքում:
«Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների քսան գյուղական համայնքների իրավական իրազեկման բարձրացում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2005թ.-ի սեպտեմբերի մեկից՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) կողմից տրամադրված միջոցների հաշվին և շարունակել է իրականացնել նաև 2007թ.-ի ընթացքում: Ծրագիրը նպատակ ունի շրջիկ ծառայությունների միջոցով ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի ծառայությունները հասանելի դարձնել նաև Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների գյուղական համայնքների համար, որոնք հնարավորություն չունեն օգտվելու անհրաժեշտ իրավաբանական ծառայություններից: Ծրագիրը նպաստում է մարզի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, քանի որ մատուցվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, կազմակերպվում են հասարակական լսումներ ՏԻՄ-երի անդամների մասնակցությամբ՝ նպաստելով բնակչության իրազեկմանը ՏԻՄ-երի գործունեության մասին և նրանց ներգրավմանը համայնքի կյանքում: Ծրագրի շրջանակներում հրատարակվում և անվճար տարածվում է ծրագրի լրատուն:
«Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ» ծրագիրը, որը ՀԵԻԱ-ն իրականացրել է Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից տրամադրված միջոցների հաշվին, անցկացվել է 2007 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում:
Կարևորելով Հայաստանում 2007թ.-ի ԱԺ ընտրությունների ընթացքում ՀՀ բնակչության իրավական իրազեկության անհրաժեշտությունը՝ ՀԵԻԱ-ն տպագրել է 10 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք վերաբերում էին ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, ընտրողների ու ընտրվողների իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը: ՀԵԻԱ-ի կամավորների միջոցով թերթիկները, ընդհանուր առմամբ 100000 օրինակ, բաժանվել են Երևանի, ՀՀ մարզկենտրոնների և ՀՀ մի շարք գյուղերի բնակչությանը:
«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական չորրորդ գիտաժողով
2007թ.-ի դեկտեմբերի 5-ին Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությոան կողմից կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական չորրորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 28 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված չորս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին և ընդհանուր արդյունքներով գիտաժողովի չորրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Նաիրա Դիլանյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Օսիպյանը: Երևանի «Գլաձոր» համալսարանի երրորդ կուրսի ուսանող Իգոր Ավակյանը արժանացավ գիտաժողովի երկրորդ և ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակներին: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Գավառի պետական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Բադալյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց զանգվածայի լրատվության միջոցների կողմից:
Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության (ICCO) գործընկերների հանդիպումը Հայաստանում
Սույն թվականի մայիսի 29-ից 30-ը Երևանի «Ավիատրանս» հյուրանոցի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ հոլանդական ICCO կազմակերպության հայաստանյան գործընկերների հանդիպումը: Հանդիպման նպատակը հայաստանյան գործընկերներին ICCO-ի փոփոխված ռազմավարությանը ծանոթացումն էր և նրանց հետ համատեղ նոր ռազմավարական ուղղությունների թեմատիկ ու ծրագրային մոտեցումների քննարկումը: ICCO-ն նպատակ ուներ վերանայել իր գործընկերների գործունեությունը և իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համագործակցության եզրեր հասատել նրանց միջև:
Նախքան հանդիպումը ICCO-ի ներկայացուցիչները այցելել էին իրենց հայաստանյան գործընկեր հկ-ների գրասենյակները, այդ թվում նաև ՀԵԻԱ-ի Կենտրոնական և Վանաձորի մասնաճյուղի գրասենյակներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները, առաջարկները և նկատառումները ICCO-ի նոր մոտեցումների և ռազմավարության վերաբերյալ: Կազմակերպություններին առաջարկվեց ICCO-ին ներկայացնել նրա նոր ռազմավարությանը, նպատակներին և խնդիրներին համապատասխանող ծրագիր առաջարկներ:
ՀԵԻԱ-ն մշակում է 2007-2010թթ. ռազմավարական պլան
2007թ.-ի փետրվարի 23-ից 24-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացրեց իր ինքնագնահատման և 2007-2010թթ. երկարաժամկետ ռազմավարական պլանի մշակման սեմինարները: Երկօրյա աշխատանքային հանդիպումներին հրավիրվել էին ՀԵԻԱ-ի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, շահակիցներ և շահառուներ:
Առաջին օրը աշխատանքային խումբը անդրադարձավ և քննարկեց ՀԵԻԱ-ի վերջին երեք տարիների գործունեությունը, այնուհետև տեղի ունեցավ ՀԵԻԱ-ի կազմակերպական ենթահամակարգերի գնահատում SWOT վերլուծության եղանակով: Հաջորդ աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվեց և քննարկվեց ՀԵԻԱ-ի 2004-2006թթ. արտաքին գնահատման հաշվետվությունը: Հաշվի առնելով ՀԵԻԱ-ի գործունեության վերաբերյալ փորձագետների արված եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ինքնագնահատման արդյուքները` ներկաները անդրադարձան ՀԵԻԱ-ի համար առաջնային համարվող գործունեության ուղիներին և դրանք ընդգրկեցին նոր քառամյա ռազմավարական պլանի նախագծում:
ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ – 2007
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման նպատակով, 2007թ.-ի ապրիլի 9-ից մայիսի 12-ը հասարակությանը իր 7 գրասենյակների ցանցի միջոցով մատուցեց անվճար իրավաբանական խորհրդատվություն: ՀԵԻԱ-ի կամավորները Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիների շրջանում տարածեցին Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացվող «Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀԵԻԱ-ի կողմից հրատարկված 10 անուն տեղեկատվական թերթիկները:
ՀԵԻԱ-ի հաղթանակը «ԱրմենՏելի» աշխատակիցների նախազգուշական գործադուլի գործով ՀՀ Սահմանադրական Դատարանում
2007թ. փետրվարի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախկին աշխատակիցներ Հարություն Խառատյանի, Արմեն Արբրահմյանի և Անդրանիկ Ղուկասյանի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Լիանա Հարությունյանի դիմումը, այն բավարարեց՝ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ճանաչել ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 73-րդ հոդվածի վիճարկվող դրույթը, 75-րդ հոդվածի 3-րդ մասը, այնքանով, որքանով գործադուլի իրավունքը պայմանավորվում է միայն կոլեկտիվ պայմանագրի կնքման հետ կապված կոլեկտիվ վեճը չլուծվելու հանգամանքով և արգելափակում են գործադուլի իրավունքը նոր հանգամանքներում (նաև այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ պայմանագրերից): Դատարանը 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը և 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող էր ճանաչել նաև նույն օրենսգրքի վիճարկվող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի 60-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» դրույթը:
Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
2007թ.-ի հուլիսի 12-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպեց ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արևիկ Պետրոսյանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը երկկողմանի կարևորություն ներկայացնողհարցերի համատեքստում:
Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
2007թ.-ի հուլիսի 20-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպեց ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ևս չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց:
Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում
Սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին «Գոուլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից:
Քննարկման նպատակն էր բարձրացնել իրավապաշտպան կազմակերպությունների դերը, մշակել առավել արդյունավետ մեխանիզմներ պետական մարմինների հետ հարաբերությունների առնչությամբ, հնարավորություն ընձեռել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և համապատասխան մոտեցումների մշակման գործընթացներում առավել գործուն առաջարկների մշակման և շահագրգիռ կառույցներին ներկայացման համար:
Քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան ՀԿ-ներից, ՀՀ ԱԺ-ից, Հայաստանում միջազգային և արտասահմանյան կառույցների ներկայացուցչություններից, Փաստաբանների պալատից և այլ շահագրգիռ կառուցներից:
«Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն» թեմայով միջազգային կոնֆերանս, Պրագա
2007թ.-ի սեպտեմբերի 12-ից 14-ը Պրագայում, Չեխիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ «Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն» թեմայով եռօրյա միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին մոտ հարյուր ներկայացուցիչներ արևելաեվրոպական երկրներից, Վրաստանից և Հայաստանից:
Կոնֆերանսին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:
Տեղի ունեցավ Ազգային երիտասարդական զեկույցի շնորհանդեսը
2007 թվականի հոկտեմբերի 11-ին «Գոուլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական զեկույցի շնորհանդեսը: Զեկույցի իրավաբանական բաժնի աշխատանքները ղեկավարել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Շնորհանդեսի ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը փորձագետներին և աջակիցներին հանձնեց շնորհակալագրեր:
VII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
2007թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական ռեսուրսների տրամադրում
ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում
գ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի
ծառայությունների տրամադրում
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում
2007թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 3575 մարդ, որից 2802 մարդ կամ ընդհանուրի 78.37%-ը՝ իրավաբանական գրականությունից, 773 մարդ կամ ընդհանուրի 21.63%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):
Տեսակ | Քանակ | % | ||
իրավաբանական գրականություն | 2802 | 78.37 | ||
էլեկտրոնային համակարգեր | 773 | 21.63 | ||
ընդամենը | 3575 | 100 |
Օգտվողներից 2645 հոգի կամ 26.01 %-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 2645 հոգի կամ 73.99%-ը՝ իգական:
Սեռ | Քանակ | % | ||
իգական | 2645 | 73.99 | ||
արական | 930 | 26.01 | ||
ընդամենը | 3575 | 100 |
Սեմինարների և դասընթացների կազմակերպում
«Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում»
«Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի 7 գրասենյակների կողմից կազմակերպվել են 1 դասընթաց` բաղկացած 4 սեմինարներից և 1 դասընթաց` բաղկացած 17 սեմինարներից, մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կազմակերպվել են 147 սեմինարներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են 84 կամավոր/դասավանդողներ, որոնք համապատասխան սեմինարներ են անցկացնում դպրոցների բարձր դասարանների աշակերտների, բուհերի ուսանողների, տարբերի ընկերությունների ու կազմակերպությունների աշխատակիցների և համայնքների բնակչության համար:
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ
2007թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խմբերին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 3745 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 1429-ը կամ ընդհանուրի 38.16%-ը արական սեռի են, 2314-ը կամ ընդհանուրի 61.79%-ը՝ իգական, 2-ը կամ ընդհանուրի 0.05%-ը՝ իրավաբանական անձ: Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.
Անվճար իրավաբանական օգնության ոլորտները |
Շահառուների քանակը՝ ըստ ոլորտների |
Շահառուների քանակը՝ ըստ տոկոսների (%) |
||
Աշխատանքային իրավունք | 334 | 7.10 | ||
Բնակարանային իրավունք | 85 | 30.23 | ||
Ամուսնա-ընտանեկան իրավունք | 364 | 6.52 | ||
Սոցիալական ապահովություն | 266 | 0.69 | ||
Քաղաքացիական իրավունք | 1132 | 3.50 | ||
Քաղաքացիական դատավարություն | 244 | 2.59 | ||
Վարչաիրավական | 26 | 0.77 | ||
Քրեական | 131 | 1.20 | ||
Հողային իրավունք | 97 | 0.03 | ||
Առողջապահություն | 29 | 0.05 | ||
Կրթություն և գիտություն | 45 | 0.11 | ||
Բնապահպանական | 1 | 0.48 | ||
Գենդերային խտրականության հարցեր (ընտանեկան բռնություն) | 2 | 13.38 | ||
Միջազգային իրավունք | 4 | 12.44 | ||
Քրեական դատավարություն | 18 | 7.10 | ||
ԱԺ ընտրություններ | 501 | 30.23 | ||
Իրավական այլ հարցեր | 466 | 6.52 | ||
ԸՆԴԱՄԵՆԸ | 3745 | 100 |
Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների
Սեռ | Քանակ | % | ||
ֆիզիկական անձ | 3743 | 99.95 | ||
իրավաբանական անձ | 2 | 0.05 | ||
ընդամենը | 3745 | 100 |
Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի
Սեռ | Քանակ | % | ||
իգական | 2314 | 61.82 | ||
արական | 1429 | 38.18 | ||
ընդամենը | 3743 | 100 |
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2007 թվականի արտաքին աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ
«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների
ասոցիացիա» հասարակական կազմակերպության
համաժողովին և վարչությանը
Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2007թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև «Իրավաբանական օգնություն և տեղեկատվական օժանդակություն» ծրագրի 2008 թվականի հուլիսի 31-ի դրությամբ հաշվետվությունը (ծանոթագրություն 14): Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը՝ թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կարծիքով, 2007թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Աուդիտի իրականացման
և խորհրդատվության
դեպարտամենտի տնօրեն
Արթուր Կիրակոսյան
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
Հաշվապահական հաշվեկշիռ
31 դեկտեմբերի 2007թ.
հազ. դրամ
ԱԿՏԻՎ | 2007 (ստուգված) | 2006 (ստուգված) | |
Ոչ ընթացիկ ակտիվներ | |||
Հիմնական միջոցներ | 36,918 | 42,098 | |
Ոչ նյութական ակտիվներ | 106 | 124 | |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ | 13 | 13 | |
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ | 37,037 | 42,235 | |
Ընթացիկ ակտիվներ | |||
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ | 187 | 136 | |
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ | 3,541 | 14,114 | |
Այլ ընթացիկ ակտիվներ | – | 19 | |
Ընդամենը ընթացիկ ակտիվներ | 3728 | 14,269 | |
Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ | 40,765 | 56,504 | |
ՊԱՍԻՎ | |||
Սեփական կապիտալ | |||
Կուտակված շահույթ (վնաս) | – | 130 | |
Ընդամենը սեփական կապիտալ | – | 130 | |
Ոչ ընթացիկ պարտավորություններ | |||
Ակտիվներին վերաբերող շնորհներ | 37,067 | 42,222 | |
Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ | 37,067 | 42,222 | |
Ընթացիկ պարտավորություններ | |||
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ | 123 | 1 | |
Եկամուտներին վերաբերող շնորհներ | 3,575 | 14,151 | |
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ | 3,698 | 14,152 | |
ՀԱՇՎԵԿՇԻՌ | 40,765 | 56,504 |
Կարեն Զադոյան | Ալվարդ Հովհաննիսյան | |
Նախագահ | Գլխավոր հաշվապահ |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2007թ.-31.12.2007թ.
հազ. դրամ
2007 (ստուգված) | 2006 (ստուգված) | ||
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում՝ | 41,252 | 51, 966 | |
Դրամաշնորհներ | 40,891 | 51,480 | |
Անդամավճարներ | 361 | 486 | |
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում՝ | (41,195) | (51,359) | |
Դրամաշնորհներ | (40,836) | (50,940) | |
Անդամավճարներ | (359) | (419) | |
Գործառնական շահույթ (վնաս) | 57 | 607 | |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթ (վնաս) | 109 | – | |
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) | (54) | (541) | |
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) | 112 | 66 |
- ՀԵԻԱ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VII համաժողովը կայացավ 2006թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.
Անուն Ազգանուն | Պաշտոն | |
Կարեն Զադոյան | ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ | |
Դավիթ Աբգարյան | ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ | |
Նարինե Կարապետյան | ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար | |
Արծրուն Միրզոյան | ՀԵԻԱ վարչության անդամ | |
Գարիկ Հայրապետյան | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար | |
Լուսինե Աբգարյան | ՀԵԻԱ վարչության անդամ | |
Արշավիր Խալափյան | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար | |
Լիանա Հարությունյանը | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ մասնագիտական հանձնաժողովների համակարգող | |
Արփինե Եղիկյանը | ՀԵԻԱ վարչության անդամ, Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ և Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգող |
- ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]