2022 թվականի հուլիսի 8-ին մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքը։ Մի քանի տասնյակ դիմորդներից ընտրվել են 35-ը, Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Դպրոցը անցկացվում է հիբրիդային` առցանց, հեռավար և դեմ առ դեմ, ձևաչափով:
Ունկնդիրներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը, որից հետո ունկնդիրները ներկայացրեցին միմյանց: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:
Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կծանոթանան Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությանը և առաջնային ուղղություններին, միջազգային առաջատար փորձին և բարեխղճության սկզբունքների կիրառմանը, ազգային ինքնության բաղադրիչներին: Ունկնդիրները հնարավորություն կունենան նաև դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ:
Կարեն Զադոյանն ունկնդիրներին ներկայացրեց, որ դասընթացները կազմված են լինելու 5 փուլերից:
«1-ին փուլը դա առցանց փուլն է: 2-րդ փուլը խորացված փուլն է, որտեղ 4-5 թեմաների շուրջխորացված ուսուցում կանցնեք: 3-րդ փուլը րակտիկ հմտությունների ու կարողությունների զարգացման փուլն է, կայցելեք տարբեր պատկան մարմիններ, կունկնդրեք հրավիրյալ դասախոսների, կիրականցնեք պրակտիկ խնդիրներ լուծում և կաշխատեք ձեր հետազոտական ծրագրերի վրա: 4-րդ փուլում հակակոռուպցիոն իրազեկման սեմինարներ կանցկացնեք դպրոցներում, համայնքներում և հիմնարկներում: 5-րդ փուլում` հակակոռուպցիոն միջազգային օրվան` դեկտեմբերի 9-ին նվիրված միջոցառման ընթացքում կներկայացնեք ձեր ավարտական աշխատանքները»,-նշեց նա:
ԻՀԱ-ի նախագահը նշեց, որ դպրոցի նպատակն է՝ պատրաստել հակակոռուպցիոն մասնագետներ, որոնք կներգրավեն ՀՀ հակակոռուպցիոն համակարգում ընդգրկված պատկան մարմիններում, կզբաղվեն հակակոռուպցիոն հանրային քաղաքականությունների փոփոխություններով, կպատրաստեն հակակոռուպցիոն հետաքննություններ, կիրականցնեն հակակոռուպցիոն այլ աշխատանքներ:
Կարեն Զադոյանն ունկնդիրներին ներկայացրեց 8-րդ հոսքի նորարարությունը.
«Մենք կարևորում ենք մեր ազգային ինքնությունն ու դպրոցի շրջանակներում ունկնդիրները կուսումնասիրեն նաև մեր ազգային ինքնության տարրերը: Լավ մասնագետ լինելուց զատ, շատ կարևոր է, որ ձեր ազգային ինքնության հատկանիշները լինեն բարձր: Կարող եք լավ մասնագետ լինել, բայց բարեվարք չլինել և խեղաթյուրված իրականացնել ձեր մասնագիտական գործունեությունը: Կարող եք լավ մասնագետ լինել, կարող եք կրել բարեվարքության բարձր հատկանիշներ, սակայն չկրել ազգային ինքնության տարրերը. այս դեպքում ձեր գործունեությունը միայն կվնասի մեր պետությանը»,-նշեց նա:
ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ասաց, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի միջոցներով` առանց որևէ միջազգային կամ արտասահմանյան կազմակերպության օժանդակության, այն Հայաստանում հակակոռուպցիոն կրթության առաջնեկն է և եզակի է, թե իր ձևաչափով, թե իր բովանդակությամբ:
Դպրոցի մեկնարկի միջոցառումը նույնպես տեղի ունեցավ հիբրիդային ձևաչափով:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ: