Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։
Սկզբնական ժամանակացույցով նախատեսված էր մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը ներկայացնել շահագրգիռ կողմերի դիտարկմանը մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։ Սակայն, նկատի ունենալով ՀՀ արդարադատության նախարարության խնդրանքը՝ հնարավորության դեպքում տրամադրել զեկույցի նախագիծը մարտ ամսվա ընթացքում՝ այն նոր Ռազմավարության մշակման աշխատանքներում նկատի ունենալու նպատակով, ուստի զեկույցի առաջին նախագիծը պատրաստ է եղել 2022 թվականի մարտի 10-ին, և շրջանառության մեջ է դրվել նույն թվականի մարտի 15-ից։ Այն նաև ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում։
Զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա 2022 թվականի հունիս ամսին, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրադրվեն բոլոր շահագրգիռ կողմերին։